Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը եւ նոր հայտարարությամբ հաստատել, որ իրենց դիտորդները Գեղարքունիքի մարզում պարեկություն անելիս եղել են կրակոցների գոտում։ «Հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է եղել մեր պատասխանատվության գոտում այն վայրում, որտեղ կրակել են»,–ասված է «Թվիթերի» էջի նոր հայտարարության մեջ։ Նշվում է, որ ոչ ոք չի տուժել։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ օգոստոսի 15-ին՝ 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների եւ նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում ԵՄ առաքելության էջը հանդես եկավ հայտարարությամբ` ապատեղեկատվություն որակելով ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։ Սրան հաջորդել է համացանցում տեսանյութի տարածումը, որտեղ հայկական դիրքերում գտնվող ԵՄ դիտորդն ասում էր, որ լանջի այն կողմում գտնվող բլրի դիրքերից կրակում են, հնարավոր է նաեւ իրենց մեքենայի ուղղությամբ։