Պատկերացրո՛ւ, սիրելի՛ ընթերցող, Արշակ Բ-ի փոխարեն Պապ թագավորը կառուցած լիներ Արշակավանը։ Պատկերացրի՞ր։ Դժվար է, հասկանում եմ, բայց մեր օրերում նույնիսկ ամենաանպատկերացնելին է դառնում է իրականություն։
Մեր Պապ թագավորը՝ Նիկոլ Փաշինյանը, որոշել է, որ Մեծ Հայքի փրկության համար մի նոր Պապավան է հարկավոր, որը կլինի նոր սկզբի, նոր թվագրության, նոր երազանքների ու հույսերի մարմնացում, իսկ ինքը կլինի այդ ապագայի որմնադիրն ու երաշխավորը։
«Ակադեմիական քաղաք» նախագիծն, ըստ այդմ, կդառնա Վերածնվող Հայաստանի նոր սիմվոլը, այն Հայաստանի, որի կադաստրապետի ու հիմնադրի պատվին ուզում է արժանանալ Նիկոլ Փաշինյանը՝ դառնալով մի նոր Արտաշես Ա կամ Հայկ Նահապետ՝ մոռանալով, սակայն, թե ինչ աղետ ժառանգեց Պապն իր որդիներին ու Մեծ Հայքին։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԹարգիր Լաո 7/ Պապ թագավոր, ազգակործան պատուհա՞ս, թե պետականամետ / Փաշոյան / Մադոյան |
Ահա այս ամենը մտքումդ, սիրելի՛ ընթերցող, սկսի՛ր մտածել նոր մեգանախագծի՝ «Ակադեմիական քաղաք» հորջորջված Կենացակերտ ավանի մասին։ Ապագա կա, եւ այդ ապագան Կենացակերտում է։
Ինչո՞ւ Կենացակերտ, որովհետեւ Հյուսիս-Հարավը չկառուցած, Վեդու ջրամբարը չորս տարի կառուցող, երեք տարի Տաթեւ-Լծեն ճանապարհի վրա տառապող, երեք տարի Շուռնուխի տներ չշինող, 1000 կմ առաջնագիծը դեռեւս չկահավորած, բանակում միլիարդավոր դոլարների զենքի, զինամթերքի ու տեխնոլոգիայի պակաս ունեցող երկրի իշխանությունը որոշել է կառուցել Օստապ Բենդերի «Նյու Վասյուկին»։
Պաթոսն ընդհանրապես, իսկ հատկապես հանրային պաթոսը, միշտ բովանդակային դատարկության ցուցիչ է։ Դատարկություն, որը լցնելու համար կամա թե ակամա արվում են կենացային-երազային հայտարարություններ։ Եվ այս իշխանության համար այդ մոտեցումը կամ, եթե կուզեք, տակտիկան, զուտ մարտավարական, իրավիճակային գործիք է՝ առանց հետեւողականության ու հաշվարկի։
Նույն այս «ակադեմիական քաղաքի» ժանրից էր նաեւ նախապատերազմյան «Հայաստան-2050» նախագիծը։
Օրինակ, եթե «Հայաստան-2050»-ի ուղենիշերից մեկն այն էր, որ «բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում ունենանք առնվազն 3 բուհ», ապա ըստ «Ակադեմիական Պապավան» նոր հայեցակարգի՝ պետք է «ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ»։
Կամ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի կամ Աշխարհի չեմպիոն դարձնելու փոխարեն՝ «Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաեւ ազգային (ապազգային ստադիոններ լինո՞ւմ են) ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչեւ 35․000 հանդիսատեսի համար»։
Ինտելեկտուալ աքսոր
Ուշադիր ընթերցելով Կառավարության նախագիծը՝ գալիս ենք եզրահանգման, որ Կառավարությունը նպատակ ունի դատարկելու կենտրոնի շենքերն ու շինությունները համալսարաններից եւ ինստիտուտներից։ Ի՞նչ են լինելու այդ շենքերը։ Մնալու են հայեցողական որոշումների տիրույթում, այսինքն՝ սպասելու են մասնավորեցման (ՀՀ նախկին ու ներկա իշխանությունների տրադիցիոն տրամաբանությամբ)։ Չէ՞ որ ինչ-որ կերպ պետք է ֆինանսավորվի «Ակադեմիական Պապավանը»։
Եվ դա էլ հենց տեսնում ենք նախագծում. «Տեղափոխումից հետո Երեւան քաղաքում ազատված անշարժ գույքը ըստ նպատակահարմարության եւ հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման եւ այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՄեսրոպ Հարությունյան․ Հերթական փուչիկը՝ ակադեմիական «Եվրոպոլիս» |
Այստեղ առանցքայինն, ինչպես գուշակեցիք, «ըստ նպատակահարմարության» տերմինն է, որն էլ հենց վաճառքի ու մասնավորեցման հայեցողական որոշումների պարարտ հող է ստեղծելու իշխանության համար։
Ի տարբերություն քոչարյանական «վայրի կապիտալիզմի» ու «պետական գերակա շահի»՝ մարդկանց ուղղակի կհեռացնեն իրենց բնական միջավայրից ու սիմվոլիկ փոխատուցում կտրամադրեն՝ նոր աշխատատեղի, ատեստավորված աշխատավարձի եւ այլ կիսաբոնուսների տեսքով։
Հիմնավորում են, թե այդպես ավելի պրոդուկտիվ է լինելու (կարծես Երեւանն ու նրա փոքր կենտրոնը մեգապոլիս է, եւ գիտնականների ու կրթության ոլորտի մասնագետների չհամագործակցելը, գիտության ու կրթության ոլորտի հոռի վիճակը պայմանավորված են մարդկային հաղորդակցության ֆիզիկական սահմանափակումներով)։
Մյուս կողմից՝ չէ՞ որ խոսում ենք մեր սիրելի իշխանության մասին, որի սոցիալական քաղաքականության հիմքը՝ ատեստավորումը, սուբսիդավորումն ու հիփոթեքային վարկավորումն է։ Նախագծում, ահա, գտնում ենք նաեւ այդ սիրելի խաղալիքների հիմնավորումը. «Հաշվի առնելով, որ կլաստերների աշխատակիցների մի մասը ցանկություն կունենա ձեռք բերել սեփականության իրավունքով բնակարաններ, անհրաժեշտ կլինի նաեւ աշխատակիցների համար կազմակերպել տեղամասերին մերձակա տարածքներում հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ»։
ՀԽՍՀ 2.0
Կարելի է ասել՝ հուշիկ քայլերով վերադառնում ենք ԽՍՀՄ։ Ավագ սերունդը կհիշի ԽՍՀՄ ակադեմիական քաղաքները (բաց կամ փակ ռեժիմի), գիտավաններն ու դրանց վերահսկում/սուբսիդավորում/հրահանգավորումն իշխանությունների կողմից։ Հիմա ուրեմն, մեր նոր «Ակադեմիական քաղաք» ասվածն այդ մտայնության ռեբրենդինգն է։ Նիկոլ Փաշինյանի երազանքների նախագիծը՝ մարդկային դեմքով ստալինիզմ, որով նա կդառնա հայ ժողովրդի հայր, օջախապետ։ Չեք մոռացել, չէ՞, «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» կարգախոսը։
Իշխանությունը պետք է որոշի՝ որտեղ սովորենք, ինչպիսի կրթություն ստանանք, որտեղ ապրեն դասախոսները, ովքեր ֆինանսավորվեն, ում ատեստավորել, ում զրկել սուբսիդիայից, ով լինի մայրաքաղաքում, ով գնա խոպան հողերը յուրացնելու։
Երջանիկ պատահականություն
Ժամկետներն էլ են գրավիչ։ Նախագծումն ավարտվելու, շինարարությունը սկսվելու է 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին։ Այսինքն՝ հենց այն օրերին, երբ սկիզբ է առնելու խորհրդարանական ընտրությունների քարոզչությունը։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։