Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ. Հովհաննիսյանը օգոստոսի 15-ին մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության եւ ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրություններով պարզվել է, որ Կ. Հովհաննիսյանի մահվան պատճառը ընդհանուր հյուծվածությունն է, օրգանների կազմափոխությամբ նյութափոխանակության բոլոր ձեւերի խանգարումը:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության եւ անձի մահվան մասին վկայականի՝ Կ. Հովհաննիսյանի մահվան պատճառ է դարձել «արտահայտված ալիմենտար դիստրոֆիան (սննդանյութերի երկարատեւ եւ ոչ լիարժեք ընդունման հետեւանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձեւերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ եւ ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիան, սպիտակուցաէներգետիկ անբավարարությունը, կվաշիորկորը (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուց, խառը մետոբոլիկ, հիպոքսիկ էնցեֆալոպաթիան, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիան, անեմիան, սեպտիկ վիճակը, աջակողմյան հիդրոթորաքսը, քրոնիկական թերսնվածությունը»:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ շրջափակման եւ հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետեւանքով առաջացած պարենային աղետալի վիճակը եւ դրա հետեւանքով անձանց թերսնուցումը եւ սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը եւ առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ եւ անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։