Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւս մի նվաճում է արձանագրել Մարս մոլորակի առաքելության ժամանակ:
Ամերիկացիները նշել են, որ իրենց հաջողվել է Մարս մոլորակի ածխաթթու գազը մշակել՝ վերածելով շնչելու համար պիտանի մաքուր թթվածնային օդի:
Perseverance մարսագնացը անմիջականորեն կիրառվել է գիտափորձի անցկացման ժամանակ:
Թթվածինը ստացվել է MOXIE (Mars Oxygen In-situ Resource Utilization Experiment) սարքով: Գիտնականներին հաջողվել է ստանալ մոտ 5 գրամ թթվածին, ինչը բավական է 10 րոպե շնչելու համար: MOXIE-ն ի վիճակի է ժամում 10 գրամ թթվածին արտադրելու:
«MOXIE-ն սոսկ այլ աշխարհում թթվածին արտադրող սարք չէ: Սա նմանօրինակ առաջին տեխնոլոգիան է, որի օգնությամբ ապագա մարսագնացները կշնչեն ուրիշ մոլորակի օդը»,- ասել է ՆԱՍԱ-ի տիեզերական տեխնոլոգիաների ցուցադրման վարչության տնօրեն Թրուդի Կորտեսը:
Սարքը գործում է էլեկտրոլիզի միջոցով, որի ժամանակ Մարսում 95 տոկոս կազմող ածխաթթու գազի մոլեկուլները ուժեղ ջերմության պայմաններում տրոհվում են՝ վերածվելով թթվածնի ատոմների:
ՆԱՍԱ-ում հայտարարել են նաեւ, որ ավելի հեշտ է թթվածին վերարտադրող սարքը տեղափոխել Մարս, քան Երկրից բալոններով 25 տոննա թթվածին ուղարկել Կարմիր մոլորակ: