Վերջին շրջանում Երեւանում խմելու ջրի մատակարարումը վատացել է։ Որոշ վարչական շրջաններում ջուրը պարբերաբար կտրվում է, որոշ վայրերում էլ հաճախ այնքան կամաց է, որ ջրատաքացուցիչը չի միանում։ Ընդ որում՝ որոշ հասցեներում ոչ միայն ջրամատակարարման, այլեւ ջրի որակն է վատացել․ օրինակ՝ Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների որոշ հասցեներում, Նորագավիթում ծորակից պղտոր ջուր է հոսում ու տարայի մեջ նստվածք տալիս։ «Վեոլիա ջուր» ընկերության օպերատորների հետ կապ հաստատելն էլ անհնար է․ հեռախոսազանգերն անպատասխան են մնում։
Ֆեյսբուքյան օգտատերերն այս օրերին բարկացած գրառումներ են անում՝ «Վեոլիա ջուր» ընկերությանը մեղադրելով անգործության համար։
Օգտատեր Վերոնիկա Հայրապետյանը գրում է․ «Դե բավական է, է՛լի, ա՛յ ապիկարներ։ Էս 45 աստիճան շոգին ջուրը ինչի՞ եք կտրում։ Լավ, էս չկայացած, անպատասխանատու կառույցին վերահսկող օղակ չկա՞։ Անտանելի է մարդկանց կյանքը, ոնց որ դժոխք լինի։ Հունիսի 1-ից կեղտոտ, արտեզյան ջուր են տալիս։ Շոգերին առանց նախազգուշացնելու ջուրը 12 ժամով օրը մեջ կտրում են»։
Օգտատեր Ալինա Նիկողոսյանը գրում է՝ «Վեոլիա Ջուր / Veolia Armenia-ն լսել ա, որ էսօր ամենաշոգ օրերից ա, ու բնականաբար ջրերն անջատել ա, որ մարդիկ շոգից մահանան: Էնքան փնթի ու անկազմակերպ են, որ անջատում են, նոր զգուշացնում, որ տարբերակ չունենաս անգամ մի փոքր ջրի պաշար հավաքելու: Էս կազմակերպության փնթիության վերջը մի օր կգա՞»։
Օգտատեր Նատալի Շաղիյանն էլ «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունը կամ անգործությունը խուլիգանություն է որակում, օգտատեր Նարինե Ստեփանյանն էլ այս կառույցն անվանում է «անտերանոց», Յաշա Սոլոմոնյանը՝ «ահաբեկչական խմբավորում»։
Որոշ օգտատերեր էլ քաղաքացիներին կոչ են անում միասնական դառնալու եւ չվճարելու խմելու ջրի վարձը, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերությունը խելքի գա։
Օգտատեր Գոհար Մելիք-Ստեփանյանն էլ գրառում է կատարել՝ հրապարակման մեջ նշելով Վեոլիա Ջուր/Veolia Armenia-ին եւ տեղեկացնելով՝ 37 ջամ ջուր չեն ունեցել։
«Վեոլիա ջուր» ընկերությունն իր աշխատանքի վատ որակի պատճառով անմասն չի մնում անգամ անեծքից։
«Վեոլիա Ջուր/Veolia Armenia taxem dzer aziz@»,- գրում է օգտատեր Արամ Մանուկյանը։