ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ 2023-ի հուլիսին արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնների ավելի քան 700 խախտում։
Հսկողական միջոցառումների ընթացքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է շուրջ 217,1 միլիոն դրամի չափով տուգանք:
Մայիսի ընթացքում կատարվել է 55,3 միլիոն գործարք
Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են նաեւ, որ հարկ վճարողների՝ 2023-ի մայիսի համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը եղել է 718 հազար 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 45 հազար 42-ով կամ 6,7%-ով:
Միաժամանակ նշվում է, որ հարկ վճարողների դուրս գրած հաշվարկային փաստաթղթերի (ներառյալ ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023-ի մայիսի ընթացքում կատարվել է 55,3 միլիոն գործարք` 978.7 միլիարդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3,6 միլիոն գործարքով կամ 7,1%-ով, արժեքային 186,2 միլիարդ ՀՀ դրամով կամ 23,5%-ով: