Շիրակի մարզի Հովիտ գյուղը հայտնի է Փոքր Քյափանակ անունով: Փոքր է գյուղը, բոլորն իրար լավ են ճանաչում, կատակով ասում են՝ մեկը մյուսից անձնական գաղտնիք անգամ չի կարող պահել:
Գյուղի ամեն օրը հաջորդի եւ նախորդի կրկնությունն է՝ անասնապահություն, հողագործություն: Հովիտում աշխուժություն է սկսվում, երբ արտագնա աշխատանքի մեկնողները Նոր տարվա շեմին վերադառնում են: Կանայք ու երեխաները Ամանորը դիմավորում, տան տղամարդուն կրկին ճանապարհում են. ստիպված են, եկամտի միակ աղբյուրն է, գյուղի գործով տուն չես պահի:
2023 թվականի ամառը գյուղում արտասովոր ակտիվ է անցնում: Արտասահմանից երիտասարդներ են եկել, կյանքի միապաղաղությունը կոտրել: «Ճիշտ է, առաջին հայացքից նորեկներն իրար շատ են նման, չենք տարբերում՝ ով ով է, բայց բոլորն էլ լավն են»,- ասում են հովիտցիները:
2023 թվականի մայիսին մեկնարկել է «Հովիտի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգում եւ կահավորում» ծրագիրը, որն իրականացվում է «Շեն» ԲՀԿ-ի եւ «Այո» ֆրանսիական կազմակերպության համատեղ ջանքերով։
Ծրագրի շրջանակում տրամադրվել է գյուղի մարզադահլիճի վերանորոգման եւ կահավորման գումարը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ համայնքապետարանը: Ֆրանսիական կազմակերպության ակտիվ երիտասարդները միայն գումարն ուղարկելը բավարար չեն համարել, որոշել են անձամբ գալ եւ աշխատանքն անել իրենց ձեռքով: Բացի այդ, ապրելով հեռավոր ու բազմաթիվ խնդիրներով հարուստ գյուղում, նոր մշակույթ կբացահայտեն:
Հուլիսի վերջից 17 կամավորները Հովիտում են: Ապրում են գյուղի դպրոցում, անհարմարություններից չեն նեղվում: Ֆրանսիայից են եկել, բայց ոչ բոլորն են ֆրանսիացի. Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, անգամ Հնդկաստանից ներկայացուցիչներ ունեն:
Էլիզաբեթ Վանիյեն խմբի ղեկավարն է: Դեռ մանկությունից Մարսելում բազմաթիվ հայ ընկերներ է ունեցել, նրանց շնորհիվ է Հայաստանը հեռվից սիրել:
«Էլի էի եկել, բայց որպես խմբի ղեկավար առաջին անգամ է: Հայաստանից ստացածս ջերմության դիմաց «Այո»-ի առաքելությամբ շնորհակալությունս եմ հայտնում այս երկրին»: Հարցին, թե ինչու Հովիտ, Էլիզաբեթն ասում է՝ «Շեն»-ի ծրագրի պահանջն էր, որ փոքր ու կարիքավոր գյուղ լինի: Սակայն շուտով համոզվել են, որ կարիքից առավել մարդկային ջերմություն կա այստեղ:
Լաուրա Մարկին Ֆրանսիայի արեւմուտքից է: Ասում է՝ հովիտցի երեխաներին սեր են տալիս, կրկնապատիկը ստանում: Պատմում է, որ ընկերներով որոշել են աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար երեք խմբի բաժանվել: Մի խումբը զբաղվում է մարզադահլիճի վերանորոգման գործերով, մեկը մշակութային միջոցառումներ, արվեստային դասեր է անցկացնում, երրորդն էլ մարզում է պատանիներին, մարզական խաղեր ու մրցաշարեր անցկացնում:
Ավետիք Մուրադյանը արմատներով հայ է, բայց ծնվել, մեծացել ու կրթություն է ստացել Ֆրանսիայում: Ասում է՝ որքան հայ, նույնքան էլ ֆրանսիացի է: Ապրելու վայրը, սակայն, իրենն արել է. Ավետիքը վարքուբարքով ֆրանսիացի է: Կամավորների խմբի հետ Հովիտ գալուն պես խիստ զարմացել է, երբ գյուղում մարդիկ իրենց տուն են հրավիրել, հյուրասիրել, անգամ հանգստանալու համար սենյակ առաջարկել:
«Ֆրանսիայում լուսամուտը բացող եւ սուրճի հրավիրող տատիկների հաստատ չեք գտնի: Այստեղ ասում են՝ արի՛ իմ տուն, հա՛ց կեր, ճա՛շ կեր…»,- պատմում է Ավետիքը, մի պահ սրտանց ծիծաղում եւ հավելում,-անմիջականություն ենք սովորում»:
Փարիզաբնակ Վերոն Սենի մտքով անգամ չէր անցել, որ մարդիկ կարող են այսքան հաշտ ու համերաշխ ապրել հարմարություններ չունեցող գյուղում, որտեղ անգամ գազ չկա:
«Չենք կենտրոնանում դժվարությունների վրա, ավելի շատ ուզում ենք մշակույթ բացահայտել, նրանց էլ մերը տալ»,- ասում է Վերոնը:
Ֆանջա Սոնի Գոնդան էլ Լիոն-Հովիտ ուղիով է անցել: Հաճելիորեն զարմանում է, որ տեղաբնակներն այդքան շատ են հետաքրքրվում օտարերկրացիներով, ընդունում որպես յուրայինի: Նոր հնարավորության դեպքում անպայման Հայաստան կվերադառնա:
Դպրոցի տնօրեն Սաթենիկ Սանդրոսյանը հովիտցի չէ, բայց այստեղի հարս է: Ասում է՝ կամավորների այցը մեծ խանդավառություն է բերել գյուղ: Թեեւ արձակուրդում է, բայց ամեն օր դպրոց է գալիս. պետք է հոգալ, որ կամավորները կարիք չունենան, հանկարծ չնեղվեն. հյուր են: Բոլորովին չթերագնահատելով տեղի դաստիարակությունն ու ծնողների ուշադրությունը՝ տնօրենը նկատել է, որ երեխաները փոխվել, նոր վարք են դրսեւորում։ «Արագ յուրացրել են սնվելու, խոսելու, շարժուձեւի, իրար լսելու եվրոպական սովորույթները»,- ասում է Սանդրոսյանը:
Մինչեւ ընթերցողը կկարդա նյութը, հավանաբար կամավորները հրաժեշտ տված կլինեն հարազատ դարձած Հովիտին և հովիտցիներին, մեր այցը նրանց առաքելության վերջին օրվա հետ համընկավ:
Նրանք կտանեն փոքր գյուղի մեծ սերը, կթողնեն մեծ Եվրոպայի քաղաքակրթության մասնիկը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։