Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը:
Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ողջամիտ ժամկետները:
Միեւնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է տեղի ունենան մոտ ժամկետում, սակայն նշում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա:
«Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է ողջունել, քանի որ ներառում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված առաջարկների, ինչպես նաեւ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքում ԺՀՄԻԳ-ի առաքելության վերջնական զեկույցներում արձանագրված առաջարկների մեծ մասը»,- ասված է փաստաթղթում:
Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ընդգծել են, որ պատրաստ են աջակցելու Հայաստանի իշխանություններին Ընտրական օրենսգիրքը եւ համապատասխան օրենսդրությունը վերանայելու հարցում: