Ֆեյսբուքը երեկ գրեթե միակարծիք էր, որ Հայաստանի գործող իշխանություններին Ղարաբաղն այլեւս պետք չէ։ Ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին նրանց կեցվածքն ըստ այդմ էր։
Ղարաբաղցի լրագրող Գեղամ Բաղդասարյանը գրում է. «ՄԱԿ ԱԽ նիստում Հայաստանի արտգործնախարարի ելույթում հիմնախնդիրը հիմնականում հումանիտար տեսանկյունից էր ներկայացվում։ Ու զուրկ էր քաղաքական փաստարկներից, ինչը չի նշանակում, թե նման փաստարկներ չկան։ Կան, զորեղ փաստարկներ կան։ Պարզապես մոտեցման ու դիրքորոշման խնդիր կա։ Քաղաքական կամքի խնդիր կա»։
«Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը հիշում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի «թմրանյութը», թե Հայաստանը միջազգային ատյաններում «թղթե շերեփը երկաթե շերեփով է փոխարինել»։
«Էդ ՔՊ-ականին ասեք` լավ ա՞ քիթումռութին նստում իր թղթից էլ անզոր երկաթե շերեփը։ Ի դեպ, բոլորից դժգոհելուց առաջ հիշեք, որ ՀՀ ՔՊական իշխանությունը Արցախը հայտարարել է Ադրբեջանի մաս ու հարցը հասցրել հացի խնդրի մակարդակի»,- արձանագրում է լրագրողը։
Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն անմիջապես է հեգնում. «Դե հա, մտածեցին, որ եթե շերեփի մասին է խոսքը, էլ ինչ հայի հարց, թող լինի հացի հարց, իրենց դա հոգեհարազատ է։
Լրագրող Մարինա Բաղդագուլյանին ափերից հանում է Ադրբեջանի ներկայացուցչի խոսքը, թե անցակետի տեղադրումը չի խոչընդոտել քաղաքացիական անձանց տեղաշարժը։ «Էս անասուն տականքների հետ ի՞նչ խաղաղության զըրթ-զիբիլ։ Սրանք էթնիկ ստախոս մանիպուլյատոր ցեղասպան են։ Ոչնչացեք, էլի, կյանքներս կերաք»,-բարկանում է լրագրողը։
Հասմիկ Մանգասարյանը արձագանքում է հուսահատ. «Գժանոց: ՄԱԿ-ը եւս մեկ անգամ ապացուցում ա, որ ընդամենը խոսելու տեղ ա: Ոչ մի բան չէի սպասում: Շնորհավորում եմ բոլոր ստորներին, իրենց ապրելու մոլորակն ա ու դարը»:
Ծովինար Չիլինգարյանն, ընդհակառակը, դեռ ինչ-որ բանի հույս ունի․ «Եթե էդ մասսայի մեջ ինչ-որ ռացիոնալ հատիկ կա, ադրբեջանին պետք ա հայտարարեն տեռորիստական պետություն` իրանց կանիբալ ներկայացուցիչներով»։
Մարինա Բաղդագուլյանը չի հանգստանում մեր իշխանությունների հումանիտար շեշտադրումներից. «Էդ հումանիտար երանգներով լացուկոծի փոխարեն ավելի լավ էր «Խանքենդը բաբոդ ա» ենթատեքստով մի քաղաքական կարգին խոսք հնչեցներ Արարատ Միրզոյանը»։
Ղարաբաղի հարցից միայն հումանիտար ճգնաժամը թողած ՀՀ իշխանությունների խոսքից Մարիամ Խարազյանը տպավորություն ունի, թե «ոնց որ Նիգերիայի մտահոգ ներկայացուցիչը լիներ, ոչ թե ՀՀ-ի»։
Հայտնի լրագրող Արմեն Դուլյանը եւս այդպիսի տպավորություն ունի. «Այո, ու դա [Խանքենդը բաբոդ ա] հազար անգամ ավելի կազդեր Նյու Յորքում հավաքվածների վրա, որոնք արդարության դիմակով ծածկում են իրենց հեգնական ժպիտը, որի իմաստն է՝ «Ուժն է ծնում իրավունք»»…
Հասմիկ Համբարձումյանին դուր չէր եկել Ադրբեջանի ներկայացուցչի՝ Ֆեյսբուքից «քաղհանած» ղարաբաղցիների լուսանկարները, որոնցում նրանք ներկայացնում են իրենց ճոխ կյանքը շրջափակման պայմաններում․ «Պարտադիր չէ ձեր կյանքի ամեն դրվագը ցույց տաք Ֆեյսբուքում, դրանք կարող են պտտվել ձեր դեմ, հասնել մինչեւ ՄԱԿ: Ապրեք ձեզ համար եւ ոչ թե ուրիշների»։
ԱՄՆ-ում բնակվող հոգեբան Վարդգես Դավթյանը եթե լիներ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի փոխարեն, անմիջապես տեղը կդներ Ադրբեջանի ներկայացուցչին, որը զարմացած է, թե ինչ ցեղասպանություն է իրականացվում Ղարաբաղում, եթե հայերն այնտեղ ճոխ հարսանիքներ ու խնջույքներ են անում։
«Տոտալիտար Ադրբեջանում պատկերացնում են, որ ցեղասպանությունը անպայման «նացիստական գազախցիկները» կամ զանգվածային գնդակահարություններն են: Ինչո՞ւ չեն մեր «արեւմտամետները» դրանց բացատրում, որ կանանց հիգիենայի պարագաներից օգտվելու կամ երեխաներին դպրոց հաճախելու հնարավորությունից բռնությամբ զրկելն անգամ հումանիտար աղետ է — հանցագործություն մարդկության դեմ»,- գրում է հոգեբանը ու արձանագրում, որ «ընդհանրապես, Հայաստանի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը շատ բարեհաճ չէր»:
Հենց դրանից օգտատեր Ռուբինա Օհանյանը եզրակացնում է, որ «հայությունը ԶՐՈ ուժ է աշխարհում։ Սա տեսնենք եւ ընդունենք մեր ողբալի վիճակը։ Մե՛նք ենք մեզ հասցրել այս կետին»։
Արտակ Հարությունյանը կարծես թե գիտի խոսքի ուժը. «Եկեք անկեղծ լինենք. մեր մեծ մասը դատարկախոս է, ներկայումս՝ ֆեյսբուքյան դատարկախոս։ Բայց ինչքան էլ դատարկախոս լինենք, չենք կարող մրցակցել ՄԱԿ անվտանգության խորհրդի բազմազգ դատարկախոսների հետ։ Մեզ կրած ունեն իրենց դատարկախոսությամբ»։
Նժդեհ Հովսեփյանն այն օգտատերերից է, որոնց համար ամեն ինչ այդքան միանշանակ չէ․ «Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը կախված է Հայաստանից ու Ադրբեջանից` հիմնված երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կոնյունկտուրայի, ռեսուրսների, հնարավորությունների, այլընտրանքների ու կարողությունների վրա։ Ելույթ, կոչ, հորդոր, սարկազմ, մտահոգություն, հոգեբանական աջակցություն, կամք, կորով, քաջություն, երազանք, արդարություն, իրավունք, ազգային ծրագիր ու նմանատիպ այլ երեւույթներ աշխարհի քաղաքական քարտեզում չկան»։
Մուշեղ Մկրտչյանը երեւի այդպես էլ չհասկանա, թե ինչ էին ուզում Արարատը եւ «մոջահեդի մորուքով փոխնախարար պատանին» (Վահան Կոստանյանը-Մ․ Ա․)։ «Ճանապարհի բացման պարտադրում կոնկրետ ներգրավմամբ, պատասխանատվության ստանձնում, առաքելության գործուղում, թե հերթական կոչ։ Կոչ է, կանեն։ Հետո՞»։