Երեւանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգյան Ավինյանը օգոստոսի 16-ին հանդիպում ունեցավ վթարային տեխնիկական վիճակ ունեցող՝ Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 եւ 68/ա շենքերի բնակիչների հետ։
Բնակիչները ներկայացրին վթարային շենքերը, իրենց խնդիրները։ Փոխքաղաքապետը եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը զրուցեցին նրանց հետ, ծանոթացան իրավիճակին։
Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 եւ 68/ա շենքերի բնակիչների հուսահատ հարցին՝ իրենց խնդիրը երբեւէ կլուծվի, փոխքաղաքապետը սփոփիչ պատասխան տվեց․ «Հավանաբար 1․5 տարի անց այս խնդիրը լուծված կլինի։ Բանն այն է, որ այս տարածքում որեւէ ընկերություն չի համաձայնում կառուցապատում իրականացնել, ուստի հարցին լուծում տալու համար հարկավոր է դիմել Կառավարությանը։ Խնդիրը պետք է լուծվի Կառավարության հետ սերտ համագործակցությամբ, սոցիալական ծրագրով»:
Բնակիչներից մեկը մտահոգ հարցրեց․ «Իմ բնակարանը 104 մետր քառակուսի մակերես ունի, եթե ինձ բնակարանիս մակերեսի չափով չհատկացնեն, չեմ համաձայնի որեւէ այլ լուծման»։ Ավինյանը շտապեց հուսադրել․ «Այնպիսի լուծում կգտնենք, որ Ձեր սրտով լինի։ Նոր բնակարանները, որ առաջիկայում պիտի հատկացվեն այդչափ մեծ մակերեսով բնակարան ունեցողներին, ավելի փոքր մակերես են ունենալու։ Եթե այդպիսի պահանջներ դնեք, շատ դժվար է լինելու դրանք իրագործելը, չենք կարողանա 104 մետր քառակուսի մակերեսով բնակարան հատկացնել, բայց տալու ենք խելամիտ մակերեսով բնակարան, բնակարանների բաշխման սկզբունքն էլ արդար է լինելու, ժողովո՛ւրդ ջան։
Չափից ավելի պահանջներ չպետք է դնեք մեր առջեւ, որ կարողանանք այս ծանրաձողը բարձրացնել, որովհետեւ այն թեթեւ չէ»,- ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետը նշեց՝ վթարային երկու շենքում 198 բնակարան կա․ պետք է բոլորի համար խելամտության սահմաններում նորմալ լուծումներ գտնել, բոլորին բնակարաններ հատկացնել։
«Պետք է Կառավարության հետ համագործակցելով բնակարանների հատկացման ֆոնդ ստեղծենք եւ ձեզ բնակարաններ հատկացնենք, բայց բոլորիդ համաձայնությունը պետք է լինի»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Հասմիկ Համբարձումյանը 2006 թվականից Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 վթարային շենքում ահուդողով է ապրում։ Կոյուղին վնասված է, լցվում է շենքերի միջանցքները, շենքում գարշահոտություն է, պատերը՝ ճաքած ու բորբոսնած։
«Սողանքի պատճառով շենքը նստել է, խոնավությունից պատերի ծեփը թափվում է»,- ասում է Հասմիկ Համբարձումյանը։
Արմինե Նասլյանը, որ շուրջ 15 տարի ապրում է Վարդաշենի 6-րդ փողոցի 68/ա շենքում, ամեն օր քնելուց առաջ աղոթում է, որ գիշերն անփորձանք անցնի, ասում է՝ շենքն ամեն պահի կարող է փլվել։ «Ես Նալբանդից եմ։ Շենքերի ճաքերը երկրաշարժի օրերի սարսափն են հիշեցնում»։ Մեր զրույցի ընթացքում էլ շենքի պատերից ավազներ էին թափվում։
Վթարային շենքի բնակիչ Լիանա Ալոյանն էլ ասում է՝ խոնավության պատճառով իրենց երեխաները հոդացավեր են ունենում։ Հարեւանի երեխան գիշերները լաց է լինում հոդացավերից։
«Պատերը ճաքած են։ Ինչ տեսակի միջատ ասես կա տանը, կարիճ, մողեսներ էլ են մտնում։ Շատ ահավոր վիճակ է։ Հենց քամի է լինում, երեխան ասում է՝ մա՛մ, վախենում եմ՝ տունը փլվի։ Պատշգամբների մի մասը փլվել է, շենքերն էլ ճաքած ու թեքված են։ Պատասխանատու կառույցները սպասում են՝ մարդկային կորուստներ լինեն, ու դրանից հետո մի բան անե՞ն»,- վրդովված ավելացնում է Լիանա Ալոյանը։
Հիշեցնենք՝ մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին Երեւանի ավագանին հավանություն էր տվել դեռեւս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։
«Ալիք Մեդիան» պարբերաբար կանդրադառնա վթարային շենքերի խնդիրներին՝ հետեւելով, որ նախընտրական խոստումներն իրականություն դառնան։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։