Թուրքական TGRT հեռուստաալիքը հղում անելով լիբիական լրատվամիջոցներին, մասնավորապես, Libya Review-ն, հաղորդել է, որ Թուրքիան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արեւմուտքում գտնվող «Ալ Հումս» նավահանգիստը, որտեղ ռազմաբազա՝ մարտական անօդաչուներ եւ ՀՕՊ համակարգեր է տեղակայելու։ Հեռուստաալիքի աղբյուրը պնդում է, որ այդ քայլը կօգնի ամրապնդելու Թուրքիայի ինքնիշխանությունը Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, ուժեղացնելու վերահսկողությունը թուրքական տարածքային ջրերի նկատմամբ եւ ապահովելու առեւտրային նավերի անվտանգությունը։
2019-ի նոյեմբերին Լիբիայի ազգային միասնության կառավարությունն ու Թուրքիայի իշխանությունները երկու երկրների միջեւ ծովային գոտիների սահմանագծման վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր էին ստորագրել։ 2022-ի հոկտեմբերի 3-ին Ազգային միասնության կառավարությունը Թուրքիայի հետ նավթագազային հատվածում փոխըմբռնման մասին երկու նոր հուշագիր ստորագրեց։ Փաստաթղթերից մեկը վերաբերում է համատեղ երկրախուզական աշխատանքներին։ Լիբիայի ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) ղեկավար Ակիլա Սալեհը նույն օրը անվավեր ճանաչեց ստորագրած փաստաթղթերը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղերձ հղեց` խնդրելով չճանաչել Ազգային միասնության կառավարության եւ Անկարայի միջեւ փոխըմբռնման այդ հուշագրերը։ Եգիպտոսն ու Հունաստանը հանդես եկան համաձայնագրի դեմ։
Ներկայում Լիբիայում փաստացի նախարարների երկու կաբինետ գոյություն ունի` երկրի արեւելքում Ֆատհա Բաշագայի գլխավորությամբ, որին աջակցում է խորհրդարանը, եւ Ազգային միասնության կառավարությունը` Տրիպոլիում նստավայրով։ Նախորդ տարվա հունիսի 22-ին ավարտվեց ժնեւյան պայմանավորվածությունների համաձայն անցումային շրջանի ժամկետը, որի ավարտին Լիբիայում պետք է ընտրված նախագահ եւ խորհրդարան հայտնվեր։ Սակայն 2021 թվականի դեկտեմբերին նախանշված ընտրությունները չեղարկվեցին, եւ մինչ օրս դրանց անցկացման ամսաթիվը հայտնի չէ։