Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն օգոստոսի 17-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Վեոլիա ջրի» հաճախակիացած ջրանջատումներին։ Նա նշել է, որ պայմանավորված սեզոնով՝ խնդիրները միշտ ավելանում են, քանի որ ջրապահանջարկը մեծ է։
«Համակարգի ճնշումն ավելանում է, որ ջուրը հասնի սպառողներին, ու համակարգի մաշվածության պատճառով վթարները էականորեն շատանում են։ Եկեք բոլորս էլ ընդունենք, որ ունենք մաշված համակարգ, ինչը պահանջում է մեծ ծավալի ներդրումներ։ Ինչ ծավալի ներդրում պետությունն իրեն կարողանում է թույլ տալ, ըստ դրա էլ որակական փոփոխություններ ենք ունենում»,- նշել է Բաղրամյանը։
Նա նաեւ հայտարարել է, որ ջրանջատումների համար համապատասխան կառույցը տուգանվում է, ինչն արվում է սպառողի հարմարավետության համար։ Իսկ եթե ջրանջատումների մասին սպառողները նախապես չեն տեղեկացվում, հարուցվում է վարույթ, կազմվում է արձանագրություն։