Օգոստոսի 15-ին The Killers խմբի մենակատարը Շեկվեթիլիում համերգի ժամանակ ռուս թմբկահարի է բեմ բարձրացրել, որին հետեւել է հանդիսատեսի մի մասի բողոքը։
The Killers-ը հայտարարություն է տարածել եւ ներողություն խնդրել վրացի հանդիսատեսից Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ Black Sea Arena-ում համերգի միջադեպի համար։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն արձագանքել է այս միջադեպին:
«Քանի դեռ Վրաստանն օկուպացված է Ռուսաստանի կողմից, անհնար է խոսել եղբայրության մասին»,- ասել է Սարջվելաձեն։ Նա նշել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է՝ վրացիներն ու ռուսները եղբայրանան, այդ դեպքում Վրաստանի համար գլխավոր առաջնահերթությունը Վրաստանի ապաօկուպացումն է։
«Այստեղ սկսվում եւ ավարտվում են բոլոր հարցերը: Քանի դեռ Վրաստանն այս վիճակում է, որ նրա 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, եղբայրության մասին խոսել հնարավոր չէ»,- ասել է Սարջվելաձեն։
Վրաստանի կառավարությունը 70 միլիոն լարի է ծախսել արտասահմանցի արտիստների մասնակցությամբ Black Sea Arena-ում համերգներ անցկացնելու համար։ Նախատեսվում է նաեւ Imagine Dragon-ի համերգը։