Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է ՀՀ տարածքում որսի կենդանիների համար 2023-2024 թվականների թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հատուկ ընդգծվում է` հրամանը չի վերաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին։
Օրինակ` լորի որսը թույլատրվում է օգոստոսի 20-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը, յուրաքանչյուր որսորդ կարող է որսալ օրական ոչ ավելի, քան 10 լոր, իսկ կռնչան բադի որսը թույլատրվում է սեպտեմբերի 15-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 28-ը, յուրաքանչյուր որսորդ կարող է որսալ 2 հատից ոչ ավելի, վայրի խոզ` նոյեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը, յուրաքանչյուր որսորդ կարող է միայն 1 կենդանի որսալ, որսի ենթակա ընդհանուր քանակը 45 հատ է։
Նշվում է, որ որսորդությամբ զբաղվող համապատասխան արտոնագրեր ունեցողներին հորդորում է որսի շրջանում ապահովել եւ խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով։ Որսորդությամբ զբաղվելու արտոնագիր ունեցողները պետք է խստագույնս պահպանեն կանոնները։