Երեւանում Արամ Մանուկյանի արձանի մոտ այսօր հանրահավաք էր հրավիրվել՝ հաջակցություն սյունեցիների եւ Սյունիքի ձերբակալված համայնքապետների:
Այնուհետեւ հավաքը տեղափոխվել է դատախազության շենքի մոտ, որտեղ իրավիճակը լարվել եւ բախումների է վերածվել: Ակցիայի մասնակիցները սկսել են ձու նետել դատախազության շենքի կողմը: Ոստիկանների եւ հավաքվածների միջեւ հրմշտոց է սկսվել: Բախման ժամանակ ոստիկաններից մեկն ուշաթափվել է: Կան բերման ենթարկվածներ:
Նախօրեին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքով ու վիրավորական արտահայտություններով, փակել նրա ճանապարհը։
Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն ԱԱԾ տնօրենին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել էր կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Սյունիքի՝ վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո ձերբակալված մի քանի համայնքապետներին։
Ըստ «Ազատության» ռադիոկայանի՝ այսօր ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը: Երեկ գիշեր էլ կարմիր բերետավորները ներխուժել են Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբոր՝ Հրանտ Աղաբեկյանի տուն ու նրան բերման ենթարկել։
ՄԻՊ-ն իր հերթին հաղորդել է, որ Սյունիքում բերման ենթարկելու եւ ձերբակալումների դեպքերի վերաբերյալ մի շարք ահազանգեր է ստացել: