Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների համար կազմակերպվել է «Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման եւ նախընտրական քարոզչության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-խորհրդակցություն։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը եւ ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության պահանջները՝ հորդորելով առաջնորդվել օրենքի դրույթներով եւ մեթոդաբանության պահանջներով։
Միաժամանակ ներկայացնելով նախընտրական շրջանում հեռարձակողների իրավունքներն եւ պարտականությունները՝ հիշեցրել են հանձնաժողովի կողմից իրականացվող խիստ վերահսկողության մասին։
Այնուհետեւ հարցուպատասխանի միջոցով հեռարձակողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը: Հանդիպմանը մասնակցել եւ հեռարձակողների հարցերին է պատասխանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։