Արցախի շուրջը ստեղծված իրավիճակի վերաբերյալ որեւէ կամայական միտք արտաբերելուց առաջ անհրաժեշտ է պատասխանել անկարեւոր թվացող, բայց իրականում հիմնային մի հարցի․ ի՞նչ ենք մենք խոսում ու նկարագրում, այն, ինչ կուզեինք լինե՞ր, թե՞ այն, ինչ կա իրականության մեջ, որը տեսնում ենք ու լսում։
Տասնամյակներ շարունակ մեր քաղաքական միտքը մերժել ու չտեսնելու է տվել իր շուրջը ձեւավորված իրականությունը՝ կուրորեն առաջ մղելով ցանկալին, անիրականը, հարմարը, պոպուլիստականը։ Ասվածի վկայությունը Արցախի կարգավիճակի հիմնախնդիրն էր, որն աննահանջ նպատակ ու անհերքելի իրողություն էր դարձել եւ այնքան հաստատուն, որ անկախության ամրագրումը միանշանակորեն կապվել էր յոթ շրջանների վերադարձի պատրաստակամության հետ։
Կյանքը ցույց տվեց, որ քաղաքականությունն այս միֆ էր, իրականում անկախությունն ու զբաղեցված տարածքները փոխանակման ենթակա չեն, ու մենք ցանկալին խառնել ենք իրականության հետ։
Անհրաժեշտ է նկատել, որ հայ քաղաքական ու հասարակական շրջանակներն այդպես էլ չկարողացան դասեր քաղել անցյալի կոպտագույն ու ճակատագրական սխալներից։ Ասվածի վկայությունը վերջին երեք տարիների բանակցային գործընթացն ու դրա հիմքի վրա սաղմնավորվող ներքաղաքական ճառասացությունն է։ Իսկ գագաթնակետը ՄԱԿ֊ի ԱԽ֊ի նիստն էր եւ դրա ընկալումն ու մեկնաբանումը մեր իրականությունում։
Ավանդույթի ուժով վերստին մոռացության է մատնվում այն իրողությունը, որ Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու փաստը որեւէ երկիր կասկածի չի ենթարկում, ավելին՝ ձեւավորվել է միջազգային կոնսենսուս ինտեգրացիայի անհրաժեշտության վերաբերյալ։ Այս առումով ԱԽ նիստը որեւէ նորարարություն չէր առաջարկում եւ մեծ հաշվով կրկնում էր այն, ինչ արդեն իսկ ամրագրված է Բրյուսելում, Վաշինգտոնում եւ Մոսկվայում։
Այս դառը, ցավալի եւ միգուցե կործանարար իրողությունը ընկալելու փոխարեն հայ վերլուծաբաններն ու փորձագետները քաղաքական գործընթացը փոխակերպել են երգի միջազգային մրցույթի եւ մասնակիցներին գնահատում են ըստ ելույթի որակի․ ավանդույթի ուժով հերքում են Ադրբեջանի ու Թուրքիայի ստերը, տարակուսած հայհոյում են Ալբանիային հայ դատից նահանջելու համար, դավադրություն են փնտրում ռուսական ելույթում, ոգեւորվում են ֆրանսիական հայասիրությամբ եւ փրկություն աղերսում ամերիկյան ներկայացուցչից։
Ոմանք էլ բարձր են գնահատում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը, կարծես թե նա էլ ճարտասանության մրցույթի է գնացել, եւ նրա սրամտությունից է կախված բախտը հայոց։
Անհրաժեշտ է նկատել, որ ընդդիմության մի զգալի մասը համառորեն հրաժարվում է Ղարաբաղյան հարցը 2023-ի իրողությունների համատեքստում դիտարկելուց։ Նրանք ապրում են 2011, 2006 եւ 1998 թվականներին՝ յուրաքանչյուրն իր վարչակազմի բերած կարգավորման պլանը դիտարկելով որպես Սուրբ Հարություն։
Նրանցից շատերը դեռեւս խոսում են ինքնորոշման, ԼՂԻՄ-ի, կարգավիճակի եւ նույնիսկ անկախության մասին՝ անտեսելով պատերազմում պարտությունն ու 2021-2023 թվականներին Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քայքայիչ արտաքին քաղաքականությունը։
Ընդդիմադիրները հրաժարվում են իրենց ընտրողներին ճշմարտությունն ասելուց՝ տիրապետող դարձնելով այն միֆը, թե պատերազմի հետեւանքներն ու Փաշինյանի միակողմանի զիջումները ժամանակավոր են, եւ իշխանափոխությունից հետո երկնքից մանանա է թափվելու։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԹարգիր լաո 25 / Լավրովի պլան 2. Ի՞նչ են առաջարկում Արցախին / Փաշոյան / Մադոյան |
Կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք տարակուսում են փաշինյանական վարչակազմի շարունակական սխալներից՝ ապրելով անընդհատ որեւէ ճիշտ քայլի սպասումով։ Սրանք համառորեն չեն ուզում հասկանալ Հայաստանի գոյությանը բնորոշ մի շատ պարզ առանձնահատկություն․ Փաշինյանը 2018-ից ի վեր ունեցել է սխալվելու եւ ճիշտ գործելու ընդամենը մի հնարավորություն։ Նա 2019-ին օգտվել է իր մի հնարավորությունից, իսկ մնացյալ քայլերն արդեն իսկ պարտադրված են։
Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ մի քարի սխալ տեղաշարժը կարող է փլուզել ամբողջ շինությունը։ Հիմա մենք փլուզման գործընթացի մենջ ենք եւ ունենք ընդամենը որոշման մեկ հնարավորություն․ պահպանե՞լ Արցախը հայկական եւ հայ բնակչությամբ, թե՞ ընտրել հեշտ տարբերակը, այն է՝ ինքնորոշում գոռալով հայաթափել հայկական այդ հողը։
Ասվածի համատեքստում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկը այս պահի դրությամբ լավագույն տարբերակն է, որով հնարավոր կլինի ապագայի ինչ-որ սաղմեր տեղադրել։ Սաղմեր, որոնք մի օր կարող են փոխակերպվել պայքարի, երբ շատ ավելի հասուն ու խելոք լինենք։
Ի դեպ, այդ առաջարկին, կարծես թե, դեմ չեն նաեւ միջազգային մյուս խաղացողները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Մեծ հաշվով ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան հարցը դիտարկում են նույն հարթության մեջ եւ նույն բովանդակությամբ, տարբեր է միայն մեթոդաբանությունը, մասնավորապես՝ արցախահայերի կարգավիճակի եւ կյանքի կազմակերպման ընկալումը։ Այս առումով Լավրովն ավելին է առաջարկում։ Մի քանի ամիս հետո այս հնարավորությունն էլ չի լինելու։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։