Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում է կայացրել։ Այդ մասին գրել է Ազարյանի փաստաբանը. «Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ. Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին»։ Բայց ամենից զավեշտալին այն է, որ, ըստ նույն փաստաբանի, դատավոր Ազարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել… Միխայիլ Բուլգակովից մեջբերում կատարելու համար։
Իսկ ի՞նչ մեջբերում է։
Հարցազրույցներից մեկում դատավորն ասել է «Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»:
Երեւի արդարադատության նախարարն այս խոսքերում քաղաքական ենթատեքստ է տեսել, դրա համար է վարույթ հարուցել։ Կարող ենք միայն ենթադրել, որովհետեւ, երբ փորձեցինք լուրի իսկությունը ճշտել նախարարությունից, մեզ պարզաբանեցին, որ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացը գաղտնի է եւ չեն կարող ասել, թե ինչ հիմքով է այն հարուցվել։
Եվ քանի որ մինչ այս պահը նախարարությունը չի հերքել (համենայն դեպս ես չեմ հանդիպել հերքման) փաստաբանի ներկայացրածը, ապա պետք է հավատանք վերջինիս։
Ի՞նչ կարելի է եզրակացնել նման վարույթ հարուցած նախարարի մասին։
Առաջին եզրակացությունն այն է, որ Բադասյանը, ենթադրաբար, կյանքում երկու գիրք է կարդացել, մեկն առաջին դասարանում կարդացած «Գայլն ու գառն» է, մյուսն էլ, հավանաբար, նախարար նշանակվելուց առաջ շեֆի «Մայն կամպֆ»-ը, էէէէ, ի՞նչ եմ ասում է՝ «Երկրի հակառակ կողմը», որը, երեւի, նաեւ կոնսպեկտավորել է, ասույթներ դուրս գրել, որ նախարար նշանակվելուն նախորդած հարցազրույցի ժամանակ ցույց տա շեֆին եւ գերազանցիկ աշակերտի հանգույն անընդհատ մեջբերումներ անի։
Երկրորդ եզրակացությունն է. ինքը ամեն «ախմախ-մախմախ» գիրք հո չի՞ կարդալու, ինքը, «հսկայական» ճանապարհ անցած կարկառուն իրավաբան է։ Չե՞ք հավատում՝ նայեք նրա պաշտոնական կենսագրությունը. հարկային հասարակ հետաքննիչից ու փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբանից միանգամից Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ ու մեկ էլ՝ հոպ-լա՝ նախարար։ Բա նման թռիչք ապրած երիտասարդը գիրք կարդալու ժամանակ կունենա՞։ Հո մեզ նման պարապ չի՞…
Բայց մենք խորհուրդ ենք տալիս սուսլովյան մռայլ դեմքով (նայեք նրա դեմքին եւ կհասկանաք, որ չեմ պիտակավորում, այլ փաստն եմ արձանագրում) եւ ենթադրաբար գրքատյաց սույն պարոնին չբավարարվել ցիտատների համար մարդկանց պատասխանատվության կանչելով։
Ընդհանրապես, «ո՞վ դառավ, արա», էդ Բուլգակովը, որ նրանից էլ մեջբերում են անում։ Պետք է արգելել նրա բոլոր գրքերը։ Եվ ոչ միայն նրա։ Պետք է հայտնաբերել բոլոր այն գրքերը, որոնցից մեջբերումները կարող են հարվածել «մեծ առաջնորդի», 21-րդ դարի «խիղճ ու պատիվ» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ Ազգային ժողովի ԻՔ-ական խմբակցության արժանապատվությանն ու հեղինակությանը: Իսկ հայտնաբերելուց հետո պետք է հրապարակային այրել դրանք, որպեսզի իրենց ինտելեգենտի տեղ դրած ինչ-որ դատավորներ եւ ուրիշ մարդիկ պատեհ-անպատեհ մեջբերումներ չանեն։
Ու առաջին հերթին պետք է արգելել նույն Բուլգակովի «Շան սիրտը», էդտեղ անթաքույց ակնարկներ կան իշխանություն ստացած դուրսպրծուկների մասին: Ի դեպ, Բադասյանը, եթե ուշադիր կարդա, իր կերպարն էլ կգտնի այնտեղ։ Բայց դե, ժամանակի խնայողության համար, ավելի լավ է միանգամից վառել եւ պրծնել գլխից էլ, գլխացավից էլ։
Ընդհանրապես, կարծում եմ, Բադասյանը պետք է կառավարության նիստում առաջարկություն անի, որ ստորեւ հիշատակված ստեղծագործություններից մեջբերումները հավասարեցվեն ահաբեկչության, իսկ մեջբերողները պատասխանատվության ենթարկվեն հենց ահաբեկչությանն աջակցելու քրեական հոդվածով։
Ցանկը բերում եմ առանց մեկնաբանությունների, հասկացողները կհասկանան։
Մովսես Խորենացի, «Հայոց Պատմություն»։
Հովհաննես Թումանյան, «Սուտլիկ Որսկանը», «Ձախորդ Փանոսը»։
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»։
Երվանդ Օտյան, «Ընկեր Փանջունի»։
Ֆրանց Կաֆկա, «Դատավարություն»։
Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»։
Յարոսլավ Հաշեկ, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ»…
Ցանկը բաց է՝ յուրաքանչյուրը կարող է իր առաջարկությունները ներկայացնել, որ Բադասյանը չչարչարվի։
Հ. Գ. Թուրքմենստանում այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած գրքերը ուսումնասիրում են 4-րդ դասարանից սկսած՝ գրականության դասերին։ Կարծում եմ, Բադասյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Դումանյանը պետք է հանդես գան օրենսդրական նախագծով՝ առաջարկելով որ դպրոցներում զանազան հնաոճ Թումանյանների եւ Իսահակյանների ժամերի հաշվին տող առ տող, բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն ուսումնասիրվի շեֆի «Երկրի հակառակ կողմը» քերթվածքը, իսկ պատմության դասագրքերում հայոց նորագույն «մեծ վերածննդի» սկիզբ համարվի 2018 թվականի ապրիլյան «հեղափոխությունը»։
Այ թե աննախադեպ կլինի, հաաաաա…
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։