Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն եւ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն իրենց աջակցությունն են հայտնել իրանցի ռեժիսորին, որն ազատազրկման է դատապարտվել իր ֆիլմը Կաննում առանց Իրանի իշխանությունների թույլտվության ցուցադրելու համար։
Սաիդ Ռուսթայը, որ 2022 թվականի փառատոնին ներկայացրել է իր «Լեյլա եղբայրներ» ֆիլմը, այս շաբաթ դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ «ընդդիմության քարոզչությանը աջակցելու համար»։ Նույն ժամկետը տրվել է պրոդյուսեր Ջավադ Նորուզբեգիին։
Իրանական Etemad պարբերականը գրում է, որ Ռուսթայը եւ Նորուզբեգին կալանավայրում կանցկացնեն պատժաժամկետի մեկ քսաներորդ մասը, այսինքն՝ մոտ ինը օր, իսկ մնացածը կհետաձգվի հինգ տարով։ Դատավճիռը կարող է բողոքարկվել։
«Լեյլայի եղբայրները» ֆիլմը պատմում է Թեհրանի ընտանիքներից մեկի տնտեսական խնդիրների մասին եւ անցյալ տարի Կաննի փառատոնում հավակնում էր «Ոսկե արմավենու ճյուղին»: Ֆիլմը չի արժանացել գլխավոր մրցանակին, սակայն ստացել է կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը։
Թողարկումից անմիջապես հետո ֆիլմն արգելվել է Իրանում, քանի որ այն «ներկայացվել է միջազգային կինոփառատոներին Իրանի օրենքներին հակառակ», իսկ ֆիլմի ռեժիսորը հրաժարվել է ֆիլմում շտկումներ կատարելուց Իրանի մշակույթի նախարարության խնդրանքով,- հաղորդում է AFP-ն։