ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է դառնալ Սպիտակ տան այն ղեկավարը, որն իր անունով կկոչի նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ոճրագործությունը:
«Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն արտաբերելով՝ Բայդենը մի կողմից փաստացի նոր փուլի մեկնարկ կազդարարի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, մյուս կողմից կդառնա հայ ժողովրդի ամերիկացի հերոսը, որի անունով գուցե փողոց կվերանվանվի Երեւանում, դե իսկ Գյումրիում ծնվող առաջին երեխան կարող է ստանալ Ջոզեֆ կամ Բայդեն անունը, ինչպես ժամանակին արվեց Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի դեպքում:
Հղվելով Սպիտակ տան ու դիվանագիտական փակ աղբյուրների վրա՝ ամերիկյան մամուլն այս օրերին ակտիվորեն քննարկում է ամերիկացի առաջնորդի սպասվելիք որոշումը: Նշվում է, որ Հայոց ցեղասպանության հարցում սա, թերեւս, այն բացառիկ դեպքերից է, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն ու ամերիկյան գործադիրի շահային դիրքերը համընկել են:
Սրան նպաստում են նաեւ ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունները: Մասնավորապես Անկարայի կողմից ռուսական «Ս-400» հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերումը եւ Թուրքիայի տարածքից ամերիկյան ռազմաբազան Հունաստան տեղափոխելու եւ ամերիկյան «F-35» կործանիչների շուրջ համաձայնագրի չեղարկումը:
Ինչ խոսք, ԱՄՆ-ում հայկական լոբբիստական խմբերի տասնամյակների աշխատանքն իր կարեւորագույն դերակատարությունն ունեցել է այս հարցում, ինչը պետք է հավուր պատշաճի գնահատվի:
Այսուհանդերձ, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերջին 40 տարվա պատմությունից լավ գիտենք, որ եթե, ըստ էության, բոլոր նահանգներում եւ երկրի օրենսդիրի կողմից տարբեր մակարդակներում ճանաչման բանաձեւեր կարողացել ենք անցկացնել, ապա նախընտրական շրջանում ամերիկահայերին խոստումներով միմյանց հաջորդած նախագահները Սպիտակ տանը հայտնվելուց հետո կա՛մ պարզապես դրժել են խոստումը, կա՛մ միջանկյալ ձեւակերպումներով (Օբամա` Մեծ Եղեռն) խուսափել «ցեղասպանություն» բառից:
Շուրջ կեսդարյա քաղաքական կենսագրություն ունեցող Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության մասին խոսել է բազմիցս, այդ թվում մինչեւ հիմա իր զբաղեցրած ամենաբարձր` ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, երբ հայ համայնքի ներկայացուցչի հարցին ի պատասխան ասաց. «Այո՛, մի օր թուրքերը պետք է առերեսվեն իրականության հետ, սակայն ձեր նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին) ինձ զանգել ու ասել է, որ ներկայում բանակցությունների մեջ է Թուրքիայի հետ, ուստի մենք չենք խոչընդոտի այդ ընթացքը»:
Հիշեցնեմ` սա հայ-թուրքական հայտնի ձախողված ֆուտբոլային դիվանագիտության ակտիվ շրջանն էր, որտեղ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ակտիվ դերակատարություն ուներ: Հայ-թուրքական երկխոսությունը խրախուսելու դիրքերից հանդես եկող Օբամայի վարչակազմի համար «ցեղասպանություն» բառը չօգտագործելու հիմնական փաստարկն, իրենց խոսքերով, գործընթացին չվնասելն էր:
«Կատարյալ ձախողում» (Perfect failure). հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն առավել բնութագրող այս ձեւակերպումը ժամանակին տվեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան երջանկահիշատակ Ռուբեն Շուգարյանը:
Շուգարյանի գնահատմամբ այդ գործընթացն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ կողմերի դրդապատճառը առավելապես այլ հարթություններում կարճաժամկետ խնդիրներ լուծելն էր:
Այսպես Էրդողանի ու նրա` «զրո խնդիր հարեւանների հետ» հայտարարող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն էր կանխվում: Սերժ Սարգսյանի պարագայում 2008-ի մարտի 1-ի սպանդից հետո Արեւմուտքի, իսկ մասնավորապես ԱՄՆ-ի կողմից լեգիտիմություն վաստակելու հարցը կար՝ հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնը չէր շնորհավորել Սարգսյանին նախագահի պաշտոնում: Օբամայի եւ նրա վարչակազմի տեսանկյունից սա լավ արդարացում էր «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն արտաբերելուց խուսափելու առումով:
Վերադառնալով ներկա իրողություններին: Հաշվի առնելով տարիքը՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ամենայն հավանականությամբ նախագահական ընդամենը մեկ ժամկետ կլինի Սպիտակ տանը: Սա նշանակում է, որ նախագահի կարգավիճակում որոշումներ կայացնելիս քաղաքական նպատակահարմարությունը կարող է ստորադասվել պատմական գործիչ դառնալու ցանկությանը:
Այսինքն՝ վերընտրվելու հեռանկար կամ ցանկություն չունեցող գործչի ձեռքերն առավել ազատ են տարբեր որոշումներ կայացնելիս, եւ այս առումով Հայոց ցեղասպանության ճանաչումը ամերիկյան գործադիրի ղեկավարի համար կարող է խղճի մտոք ճշմարտությունը բարձրաձայնելով հերոսանալու հնարավորություն դառնալ առնվազն հայության համար։
Բայդենն այս կերպ կհայտնվի Հենրի Մորգենթաուի, Վուդրո Վիլսոնի, Ռոնալդ Ռեյգանի, Ջոն Էվանսի կողքին: Այո՛, ԱՄՆ-ի գործադիրը երբեւէ այսքան մոտ չի եղել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուն: Առնվազն առկա են դրա բոլոր նախանշանները:
Հայաստանն ու ամերիկահայերն այս հարցում եւս ներդաշնակ են՝ անկախ նրանից, թե ներկայում ինչ մեղադրանքներ են հնչում Հայաստանի գործող քաղաքական մեծամասնության հասցեին. փաստ է, որ ՀՀ արտգործնախարարությունն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնապես ողջունել են Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը, դե իսկ ամերիկահայ կազմակերպված կառույցներն ու լոբբիստական խմբերը գործում են ջանքերը մեկտեղած:
Այսպիսով՝ 2021-ի ապրիլի 24-ը կարող է պատմական դառնալ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, սակայն հայերիս, իսկ առավելապես ամերիկահայերի համար առավել կարեւոր է լինելու այն, թե ինչ կլինի դրանից հետո:
Բայդենի հնարավոր հայտարարությունը, սփոփանքից, բարոյական հաղթանակից ու ինքնությունն ամրապնդելուց զատ, կդառնա՞ արդյոք ամերիկյան արտաքին քաղաքականության գերակայություններից: Ի՞նչ կնշանակի սա ամերիկյան պատասխանատվության տեսանկյունից: Որքանո՞վ այն կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Հայաստանի Հանրապետության համար Ջո Բայդենի հայտարարությունը կարո՞ղ է արդյոք անվտանգության նոր երաշխիքներ ապահովել թուրք-ադրբեջանական հնարավոր ապագա ռազմական ագրեսիայից:
Սրանք հարցեր են, որոնց շուրջ լրջագույն խոսակցության անհրաժեշտություն կա նախեւառաջ ներհայկական տիրույթում, եթե, իհարկե, ուզում ենք մեր պետության ու ժողովրդի շահերը որպես սուբյեկտ ներկայացնելու հեռանկար ունենալ:
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։