Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ օգոստոսի 17-ի երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ մոտենալ տվյալ հատվածին եւ վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել:
Օգոստոսի 18-ի առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների եւ ադրբեջանական կողմի միջեւ, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:
Բեգլարյանը պատահական չի համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո եւ Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն հինգ րոպե առաջ:
«Այս սադրանքի հետեւանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը, կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին եւ ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից»,- ընդգծել է պետնախարարի խորհրդականը:
Բեգլարյանը հավելել է, որ ներկա պահին Արցախում հասանելի է խիստ սահմանափակ ծավալի համացանց՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման տակ է: