«Ալիք Մեդիան» անդրադարձել էր Գյումրու քանդած փողոցներին եւ շինարարության անվերջ ձգձգումներին:
KFW բանկի ֆինանսավորմամբ, «Վեոլիա ջուր» ընկերության պատվերով «Դորոժնիկ» ընկերությունը մշտապես թերանում է աշխատանքների ժամկետների հարցում՝ խոչընդոտելով ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:
Գյումրու Անի թաղամասի 3-րդ եւ 11-րդ փողոցների երթեւեկելի մասի ասֆալտապատմանը նույնպես բնակիչները տարիներով սպասում են:
Աշխատանքների ձգձգման, թերությունների վերացման, անցկացված ջրամատակարարման նոր ցանցի եւ դրա փորձարկման ու հարակից այլ հարցեր տեղում ուսումնասիրել ու քննարկել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ճանապարհաշինարարը եւ «Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչները:
Անավարտ մնացած աշխատանքների մասով համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ ու պահանջել դրանք իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում. «Այսպես էլ հնարավոր չէ, արդեն երրորդ տարին է՝ չենք կարողանում փողոցների ասֆալտապատումը ավարտին հասցնել: Ի՞նչ աշխատանք է մնացել, արագ արեք վերջացրե՛ք, որ կարողանանք ասֆալտապատումը սկսել, քանի եղանակները թույլ են տալիս: «Դորոժնիկը» այստեղ է, շինարարն այստեղ է, կիսատ մնացած ի՞նչ գործ կա՝ դիտահորեր, հարթեցումներ, ավարտե՛ք, խճապատե՛ք, փողոցները պատրաստե՛ք ասֆալտապատման: Հստակ ժամկետ նշե՛ք, մենք էլ, բնակիչներն էլ հոգնել, զզվել ենք այս ամենից»,- զայրացել է Գյումրու քաղաքապետը:
«Դորոժնիկ» ընկերության պատասխանատուն ընդգծել է, որ 3-րդ եւ 11-րդ փողոցների մասով իրենք գրեթե ավարտել են աշխատանքներն ու փորձարկումները, իսկ շինարարը խոստացել է փողոցներում առկա հիմնային որոշակի աշխատանքները կատարել հնարավորինս սեղմ ժամկետում: Խոստացել են փողոցները նախապատրաստել ասֆալտապատման եւ մինչեւ սեպտեմբերի 10-15-ը ավարտել նշված երկու փողոցների երթեւեկելի մասի ասֆալտապատումը:
Հավատա՞լ անվերջ խնդիրներ ստեղծող կազմակերպությանը, թե՞ ոչ: Բնակիչները երեք տարի սպասել են, մեկ ամիս էլ կսպասեն: