Շիրակի մարզի գյուղերի մանկապարտեզներում թափուր հաստիքների պակաս չկա:
Հիմնականում թափուր են մնում երաժշտական ղեկավարի, մեթոդիստի, ֆիզկուլտուրայի հրահանգչի տեղերը: Մրցույթները պատշաճ հայտարարվում են, տեղեկությունը՝ տարածվում, բայց դիմողներ չկան ու չկան: Թվում է՝ ապրում ենք մի երկրում, որտեղ զբաղվածության խնդիրը լուծված է, մասնագետներն էլ աշխատանքի կարիք չունեն:
Կամո գյուղի մանկապարտեզում ուղիղ 11 անգամ մեթոդիստի թափուր տեղը լրացնելու մրցույթ են հայտարարել, բայց դիմող չկա: Պատճառը գուցե անհայտ կմնար, եթե չիմանայինք աշխատավարձի չափը. բարձրագույն կրթություն ստացած, մրցույթը հաղթահարելու նպատակով հսկայական հարցաշարը յուրացրած մասնագետն աշխատելու է՝ ամսվա վերջում տուն տանելով առավելագույնը 20 հազար դրամ:
Մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանն ասում է՝ չեն ուզում աշխատել չնչին վարձատրությամբ, օրենքի տառին համաձայն մրցույթ են հայտարարում, անհույս սպասում մասնագետի: Նաեւ զարմանում է, որ հատկապես գյուղի երիտասարդները չեն դիմում, եթե դիմողներ էլ լինում են, այլ համայնքներից են:
Երեխաների թիվը գյուղերում քիչ է, թափուր մնացող տեղերի հաստիքաչափը՝ հիմնականում 0,25 դրույք:
Արեւիկ գյուղի մանկապարտեզը նույն հաստիքի համար հայտարարված մրցույթի թվի մեկ տասնյակի շեմը դեռ չի հատել, բայց մասնագետ ընդունելու ութ անհաջող փորձ էլ ինքն է արել: Այստեղ մեթոդիստից բացի ֆիզկուլտուրայի հրահանգիչ էլ չեն գտնում:
Անընդմեջ, հինգական չկայացած մրցույթ էլ հայտարարել են Ազատանի, Այգաբացի, Ջաջուռի մանկապարտեզները: Ազատանի մանկապարտեզի տնօրեն Ազգանուշ Մնացյանը եւս նույն մտքին է՝ աշխատավարձը լավ լինի՝ աշխատողի կարիք չի լինի:
Ախուրյան խոշորացված համայնքի կրթության ոլորտը համակարգող, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Սերգոյանն ասում է՝ դրույքաչափը ԿԳՄՍՆ-ն է հստակ սահմանում, բայց հաստիքացուցակն ու աշխատավարձի չափը համայնքն է որոշում, ավագանին էլ հաստատում է: Որ մանկապարտեզներում աշխատավարձն անբնական ցածր է, Սերգոյանն ինքն է փաստում, բայց համայնքային բյուջեն մեծ հնարավորություններ չունի: Ասում է՝ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ մարզիկը 17 հազար դրամով հաստատ երեխաներին չի մարզի: Գյուղի երիտասարդները նախընտրում են աշխատանք գտնել Գյումրիում կամ Երեւանում, քան աշխատել տեղում:
Մանկապարտեզների խնդրով առանձնահատուկ հետաքրքրվող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը համամիտ է՝ համայնքային բյուջեն, իրոք, աղքատ է, բայց կարելի է արդյունավետ օգտագործել: Ըստ նրա՝ տասնյակ տարիներ հետո վերջապես սայլը տեղից մի փոքր շարժվել է. որոշ տեղերում պայմանական 23 մանկապարտեզների 23 հաշվապահներին կրճատեցին՝ թողնելով 3-ին, որոնք նույն արդյունավետությամբ, մի բան էլ առավել անում են տրված առաջադրանքը:
Բարսեղյանն առաջարկում է դուրս գալ շինծու հումանիզմի շրջանակից, բա թե՝ մարդկանց աշխատանքից հանեն, մեկ ուրիշի աշխատավա՞րձը բարձրացնեն:
«Ոչինչ չանողների բանակը, որոնք սնվում են անողների աշխատանքից, պետք է կրճատվի: Օրինակ՝ մեթոդիստն ի՞նչ է անում… մշակած մեթոդներ արդեն կան, լավագույն դեպքում երբեմն նորարարական ինչ-որ բան կանեն ու վերջ: Ամեն մանկապարտեզին 20000 դրամ նվաստացուցիչ աշխատավարձով մեկ մեթոդիստ տրամադրելով՝ ավելի վատ արդյունք կունենանք, քան, օրինակ, 20-ի փոխարեն երկու արժանապատիվ աշխատավարձով մեթոդիստ ունենանք: Պետք է վերահսկվի, որ այդ երկու մեթոդիստն ամեն առավոտ գան համայնքապետարան աշխատանքի, այնտեղից էլ՝ կանոնակարգված հերթականությամբ այցելեն մանկապարտեզներ»,- ասում է Բարսեղյանը:
Գալով մեկ այլ խնդրի, որ մասնագետները չեն համալրում մանկապարտեզների թափուր հաստիքները նաեւ շատ բարդ ու խրթին հարցաշարի պատճառով՝ Բարսեղյանն ասում է. «Եթե ես գտնում եմ, որ այդ աշխատավարձն ինձ պետք է, կսովորեմ, բայց եթե պետք է մտնեմ մանկապարտեզ ու աչքս դուրսը սպասեմ նորմալ աշխատանք գտնելուն, չեմ սովորի այդ հարցաշարը… Խոստացիր 300 հազար դրամ, 130 չէ, 2030 հարց կսովորեն»:
Բարձրացնե՞լ աշխատավարձերը, հեշտացնե՞լ ընդունվելու կարգը, թե՞ անվերջ մրցույթներ հայտարարել… Բարդագույն ու երկար մի հարցաշար էլ այս խնդիրն է դարձել:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։