Ամերիկյան PRX պարբերականը գրում է, որ Վաշինգտոնում ավելի ու ավելի են խոսում զորակոչը բանակ վերադարձնելու մասին, քանի որ զինված ուժերը կադրերի պակաս ունեն։ Հեղինակը գրում է, որ Վաշինգտոնը դիմակայության մեջ է ՌԴ-ի հետ, Թայվանի պատճառով սպառնում է Չինաստանին, զորքեր է կուտակում Իրանին դիմակայելու համար եւ սպառնում միջուկային զենք օգտագործել Հարավային Կորեայի պաշտպանության նպատակով: Այնուամենայնիվ, Պենտագոնը չի կարողանում զինվորական ծառայության համար բավարար քանակությամբ տղամարդկանց եւ կանանց հավաքագրել: «Կամավոր սկզբունքով ձեւավորվող մեր զինված ուժերում զինվորականների խիստ պակաս կա, սակայն այս պայմաններում որոշ քաղաքական առաջնորդների մտքով աներեւակայելի բան է անցել՝ վերադառնալ պարտադիր զինծառայությանը»,- նշում է պարբերականը: Հոդվածի հեղինակը գրում է, որ ամերիկացիների շրջանում ծառայության նկատմամբ հետաքրքրությունը չափազանց ցածր է. ԱՄՆ քաղաքացիները չեն ցանկանում իրենց կյանքը վտանգել անհարկի հակամարտություններում։
Կես դար առաջ՝1973-ի հունվարին ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Վիետնամում պատերազմի դադարեցման եւ խաղաղության վերականգնման մասին Փարիզի համաձայնագրով չեղյալ հայտարարեց զորակոչը եւ վերջին մարտական ստորաբաժանումները դուրս բերեց Հարավային Վիետնամից։ Չնայած դժվարին մեկնարկին՝ ամբողջական հանդերձանքով հագեցած վարձու զինվորականները Ամերիկային ամենաբարձր որակի բանակի վարկանիշն ապահովեցին: Սակայն ներկայում տասնութ տարեկաններից շատերը չեն համապատասխանում զինվորական ծառայության ընտրության չափանիշներին: Պատճառներից մեկը նորակոչիկների շրջանում գիրությունն է։ Ծառայության նկատմամբ հետաքրքրությունը եւս նվազում է, եւ սա երկրորդ պատճառն է։ Այս տարի բավարար քանակությամբ նորակոչիկներ կհավաքի միայն Ծովային հետեւակային կորպուսը, որը զինված ուժերում անձնակազմի քանակով զբաղեցնում է նախավերջին տեղը։ Ցամաքային զորքերն ու օդային ուժերը կկրճատվեն մոտ 10 հազար-ական մարտիկով, իսկ ռազմածովային ուժերը՝ 6000-ով։ Անցյալ տարի ռազմաօդային ուժերը 25%-ով հետ են մնացել համալրման պլանից:
Նման հաշվարկներում, թերեւս, թերագնահատվում է զինվորականների ցանկությունների ու իրականության տարբերությունը։ Իմանալով, որ բավականաչափ մարդկանց հավաքագրելը դժվար կլինի՝ ռազմական ղեկավարությունը կրճատում է հավաքագրման թիրախները։ Երկու տարի առաջ բանակի շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մակքոնվիլը խոստովանեց, որ ձգտում է ցամաքային զորքերը 485 հազարից հասցնելու 555 հազարի։ Մինչդեռ արդյունքում ստիպված է եղել ցամաքային զորքերը 12 հազար մարտիկով կրճատել։ Իսկ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ գեներալ Ռենդի Ջորջը խնդրի լուծումը տեսնում է պարզապես բանակը իբրեւ վերելք տանող ճանապարհ գովազդելու մեջ։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը