Հորդանանի մայրաքաղաք Օմանում օգոստոսի 18-ին մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները գոտեմարտելու են 5 քաշային կարգում։ Իր առաջին գոտեմարտում 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը ծանր հաղթանակ է տոնել եւ հավասար միավորների պայմաններում հաղթել ադրբեջանցի Ֆարաիմ Մուստաֆաեւին։
Առաջին մրցափուլում Հովեյանը հաղթել է 7։0 հաշվով, ադրբեջանցին երկրորդ մրցափուլում հավասարեցրել է հաշիվը, բայց տեխնիկական հնարքների ավելի բարձր միավորների շնորհիվ հաղթել է հայ ըմբիշը։ 1/8 եզրափակիչում Հովեյանը գոտեմարտել է խորվաթ Մաթեյ Ռեբիչի հետ, հաղթել է եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։
87 կգ քաշային կարգում արդեն 2 հաղթանակ է տոնել Վիգեն Նազարյանը։ Հայ ըմբիշը նախ առավելության է հասել ճապոնացի Դաիսե Իշոնի նկատմամբ, ապա երկրորդ գոտեմարտում 3։1 հաշվով առավելության է հասել ղազախստանցի Նուրասիլ Ամանալիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Նազարյանը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Անդրեասյանի հետ։