Հայաստանցի զբոսաշրջիկները շուտով ուղիղ չվերթով կմեկնեն նաեւ Շրի Լանկա։ Երեւանից Կոլոմբո ուղիղ թռիչքը տեւելու է 7 ժամ 50 րոպե` Ֆուջեյրայում կեսժամանոց տեխնիկական վայրէջքով։ Մինչդեռ նախկինում ուղեւորները Շրի Լանկա հասնելու համար ծախսում էին մոտ 12-14 ժամ` տարանցիկ օդանավակայանում 5-6 ժամ սպասելով։ 8-օրյա հանգստի համար միջին արժեքը, ներառյալ հյուրանոցում կացությունը, արժենալու է 1100-1200 դոլար։ Կոլոմբո–Երեւան–Կոլոմբո չարտերային նոր չվերթերը կատարում է Sky&more ընկերությունը` Fits Air ավիաընկերության հետ համատեղ։ Ուղիղ չվերթերը մեկնարկելու են հոկտեմբերի 20-ից` 8-օրյա պարբերականությամբ։
Ընկերության գործադիր տնօրեն Գեւորգ Խաչատրյանը հայտնել է, որ Շրի Լանկայի վիզայի ստացումը դյուրին է. վիզան կարելի է ստանալ նախապես՝ առցանց եղանակով կամ օդանավակայան ժամանելիս: Հյուպատոսական վճարը 60 դոլար է։ Նա հավելել է, որ հայաստանցի զբոսաշրջիկները այսուհետեւ կարող են բավականին մատչելի արժեքով Կոլոմբոյից հասնել, օրինակ, Մալդիվներ, Մալայզիա, Թաիլանդ, Ավստրալիա, Չինաստան, Սինգապուր, Բալի, Հնդկաստան եւ այլն, ունենալ համակցված տուրեր։