Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելը հայտնել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է թողել Թուրքիային F-35 մարտական ինքնաթիռների արտադրության ծրագրից՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:
«ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել: C-400-ներն անհամատեղելի են F-35-երի հետ, հետեւաբար Թուրքիայի մասնակցությունը ծրագրին դադարեցվել է: 2019-ի հուլիսի հայտարարության համաձայն՝ Թուրքիային F-35-երի գործընկերությունից պաշտոնապես բացառելու գործընթացը կշարունակվի»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ավելի վաղ Անկարան պարտավորվել էր ձեռք բերել 100 հատ F-35 ինքնաթիռ՝ միաժամանակ ներգրավվելով դրանց համար ավելի քան 1000 մասերի արտադրությունում:
Ավելի վաղ Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքն ասել էր, որ Անկարան շարունակում է արտադրել այդ մասերը՝ հակառակ այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն դադարեցրել է իրենց մասնակցությունը նախագծին:
Հիշեցնենք, որ, Միացյալ Նահանգները Թուրքիային հորդորում էր հրաժարվել C-400-ների գործարքից եւ փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգեր: Թուրքիան հրաժարվեց զիջումների գնալուց եւ շարունակեց բանակցությունները S-400- ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու շուրջ: