Մեկ տարուց Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտը նոր ենթակառուցվածքներ ու ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորում կունենա։ Այստեղ հիմա վերակառուցման աշխատանքներ են ընթանում։
Հիմնանորոգման առաջին փուլով հողային շերտը հեռացնելուց հետո դաշտը խճապատվում է։ Դրան կհաջորդի ջրային համակարգի կառուցումը, ապա՝ վերջնական բարեկարգումն ու խոտածածկի տեղադրումը։ Մարզադաշտը ոչ թե արհեստական, այլ ցանովի խոտով է պատվելու։ Հաջորդ տարվա սկզբին, կմեկնարկի տրիբունաների, հանդերձարանների, սանհանգույցի վերանորոգումը, կվերականգնվի էլեկտրամատակարարումը։ Մարզադաշտը նաեւ խմելու մշտական ջրով կապահովվի։
«Մետալուրգ» մարզադաշտի հիմնանորոգման գործում Ալավերդու համայնքապետարանը նախաձեռնող կողմ է։ Ներդրողը «Ռուբեն Վարդանյան» եւ «Ապրելու» հիմնադրամներն են։
«Համայնքապետարանը ֆինանսական առումով որեւէ ներդրում չի արել։ Ավագանու ՔՊ անդամները փորձում են շահարկել, բայց համայնքապետարանն ընդամենն ունի մաքրման աշխատանքներ անելու, շինարարության ընթացքին հետեւելու իրավասություն։ Եթե լրացուցիչ ծախսերի կարիք լինի, կներկայացնենք, բյուջեի փոփոխություն կանենք․ ֆինանսական միջոցի հատկացումը հաստատում է միայն ավագանին, ուստի կտեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց հիմա նման հարց չկա, ամբողջ ծախսային մասը կատարում է հիմնադրամը»,- պարզաբանում է Ալավերդու համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանը՝ նկատի ունենալով «Քաղաքացիական պայմանագրի»՝ համայնքի կողմից ներդրումներ լինելու մտահոգությունը։
«Մետալուրգ» մարզադաշտի հիմնանորոգման համար, ըստ համայնքի ղեկավարի, մոտ 150 մլն դրամ կծախսվի։ Ներկայում դաշտի հատվածում տարվող աշխատանքների արժեքը մոտ 70 միլիոն է, որից միայն 20 միլիոնը ջրային համակարգի անցկացման գումարն է։ Աշխատանքների մյուս մասի համար նախագիծ է արվում։ Մոտավոր հաշվարկներով 80 միլիոնին մոտ գումար էլ շինարարության երկրորդ փուլում կպահանջվի։
«Հիմնադրամն ինքն է պայմանագիր կնքել շինարարական կազմակերպության հետ, որովհետեւ ինքն է անում ծախսային մասը»,- նշում է համայնքի ղեկավարը։
Ալավերդու ֆուտբոլային մարզադաշտը, որ 1960 թվականին կառուցել եւ նույն տարում շահագործման է հանձնել նախկին լեռնամետալուրգիական կոմբինատը, դրա լուծարումից հետո անցել է Ալավերդու գունավոր մետաղների գործարանին։ 1994-ից գործարանը բաժնետիրական ընկերության կարգավիճակ է ստացել («Մանես»), որին էլ մարզադաշտը փոխանցվել է որպես սեփականություն։ Իսկ 1998 թվականին «Վալլեքս Էֆ Էմ Իսթեբլիշմենթ» ընկերությունը գնել է գործարանի բաժնետոմսերը, հիմնադրել «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ-ն՝ դառնալով «Մանես»-ին պատկանող կապիտալի, այդ թվում «Մետալուրգ» մարզադաշտի սեփականատեր։
2023-ի մայիսի 17-ին Ալավերդու ավագանին հաստատեց «Վալլեքս»-ին պատկանող մարզադաշտն ու ճոպանուղին 49 տարի ժամկետով (ճոպանուղին տարեկան 35 հազար, իսկ մարզադաշտը՝ տարեկան 12 հազար դրամ վարձավճարով) համայնքին վերադարձնելու եւ «Վալլեքս կապիտալ» ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու մասին հարցը։
Լուրն ավելի վաղ՝ մայիսի 7-ին, ֆեյսբուքյան էջում համայնքապետն ինքն էր հայտնել հանրությանը։
Քաղաքի մարզական եւ մշակութային միջոցառումների կազմակերպման համար կարեւոր նշանակություն ունեցող 724 նստատեղով մարզադաշտը վերջին անգամ 2005 թվականին կապիտալ հիմնանորոգել է «Մանես» հիմնադրամը՝ «Վալլեքս»-ի 23 մլն դրամ ներդրումով։
Վերջին մի քանի տարիներին, սակայն, «Մետալուրգ» մարզադաշտը ավերվել ու թալանվել էր։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎՉերեւան: Ալավերդի |
Նույնը՝ ճոպանուղին, որտեղ եւս այս օրերին մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում։ Դրանց ավարտից հետո ճոպանուղիների եւ ուղեւորափոխադրող տրանսպորտի նախագծման ու կառուցման ոլորտում միջազգային գործունեություն իրականացնող Руслет ընկերության փորձագիտական խումբը վերջնական ուսումնասիրություն եւ գնահատում կիրականացնի։
Ընկերության փորձագետներն ուսումնասիրության նպատակով Ալավերդի էին այցելել նաեւ հուլիսի 7-ին։
«Տեխնիկական աուդիտ է արվել։ Պետք է փոխարինվեն ճոպանը, խցիկները։ Այն սարքավորումները, որոնք չկան Ռուսաստանում, բերվելու են Եվրոպայից, Չինաստանից, դրա մասին լրացուցիչ կասենք։ Նաեւ բետոնի հետ կապված ամրակայում պետք է անենք ճոպանուղու տարածքում։ Սեյսմիկ անվտանգությունը, ամեն ինչը պետք է իդեալական լինի։ Աշխատանքները երկարատեւ կլինեն, որովհետեւ անվտանգային հարցերի հետ է կապված»,- ասում է Արկադի Թամազյանը։
Ծախսերի հստակ պատկեր, ըստ համայնքապետի, կունենան մինչեւ 2024-ի երկրորդ կեսը։ Իսկ թե երբ կաշխատի 2014-ից գործունեությունը դադարեցրած ճոպանուղին, պարզ չէ։
Մարզադաշտի հիմնանորոգումից հետո դրա կառավարումը հանձնվելու է համայնքին, իսկ ճոպանուղու դեպքում նաեւ երրորդ կողմ (բիզնես սեկտոր) է լինելու․ ներդրումները մեծ են։
«Վալլեքս»-ը կողմ չի լինելու։ Այն խոսակցությունները, որ իբր «Վալլեքս»-ն ինչ-որ շահ է ակնկալում, ստահոդ տեղեկություններ են»,- եզրափակում է Ալավերդու համայնքապետը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։