«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 25-րդ թողարկման թեման ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս գաղտնազերծված նոր պլանն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը թեման քննարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Լաչինի միջանցքի հարցով նիստի խորապատկերում եւ արձանագրում, որ Լավրովի նոր առաջարկները սկզբունքորեն ընդունելի են միջազգային բոլոր խաղացողների՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության համար։
ԿԱՐՊԻՍ — Մարդիկ ի՞նչ են ուզում լսել։ Էն, ինչ ուզում են, թե՝ էն, ինչ որ կա։ Մենք ի՞նչ ենք ուզում ասենք։ Էն, ինչ որ ուզում ենք, թե՝ էն, ինչ որ տեսնում ենք ու լսում։ Հիմա ուշադրություն դարձնենք հասարակական-քաղաքական շրջանակներին։ Մեծ մասը երկրորդ տարբերակն ա նախընտրում։ Անընդհատ տեսնում ենք, որ մարդիկ ցանկալին են ներկայացնում, իրանց ուզածն են ներկայացնում։ Օրինակ՝ մեկնաբանությունները անվտանգության խորհրդի նիստի։ Ինչո՞վ են զբաղված, ֆեյսբուքում շատ դիպուկ մի բնորոշում տեսա, ասում ա՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը ոնց որ նույնացրել են Եվրատեսիլի հետ, այսինքն՝ մասնակիցներին գնահատում են ըստ ելույթի որակի։
ԳՈՌ — Կամ ով քանի բալ տվեց Հայաստանին, չէ՞ ։
ԿԱՐՊԻՍ — Այսինքն, ինչո՞վ են զբաղված։ Ավանդույթի ուժով ի՞նչ պետք ա անեն, հերքեն անպայման Ադրբեջանի, Թուրքիայի ստերը, հայհոյեն Ալբանիային՝ հայ դատից նահանջելու համար…
ԳՈՌ — …Արցախի հարցի պաշտպանությունը մի կողմ դնելու համար։ Բացահայտեն աֆրիկյան դաշնակիցներին։
ԿԱՐՊԻՍ — Գաբոնին… Դավադրություններ փնտրեն ռուսական ելույթում, դա պարտադիր ա։
ԳՈՌ — Չէ, չէ, նույնիսկ, ոչ թե դավադրություններ փնտրեն, վերահաստատեն, որ ռուսները նույն պիղծն են, նույն տականքն են, նույն դավաճանն են, նույն ծախուն են, ոնց որ եղել են։ Այսինքն, տեսեք էս անգամ Արցախ չասեց, Լեռնային Ղարաբաղ ասեց։
ԿԱՐՊԻՍ — Հույս… Էս վերջերս ա նորաձեւ դարձել՝ հույս ու փրկություն փնտրել ամերիկյան ելույթներում։
ԳՈՌ — Քրիստոնեական աշխարհից… Մենք խոսել ենք, չէ՞, Օրիի ժամանակից, Տրդատի եւ Կոստանդինոսի ժամանակից։
ԿԱՐՊԻՍ — Բայց ընդհանուր առմամբ մի քանի ադեկվատ փորձագետեր ֆիքսել էին, որ կարծես կա միջազգային կոնսենսուս՝ ինտեգրման հարցի շուրջ։ Արցախի Ադրբեջանի կազմում լինելն այլեւս միջազգային հանրության համար անառարկելի իրողություն ա։ Որքան էլ ցավալի լինի, պետք ա փաստենք, որովհետեւ հիմա մենք չենք ասում էն, ինչ որ ուզում ենք, այլ՝ էն, ինչ որ տեսնում ենք։ Եթե մեր ուզելով լիներ, կասեինք, որ Արցախը, չգիտեմ… ուրիշ կարգավիճակում պետք ա լինի։ Բայց հիմա փաստը էդ ա, որ կա կոնսենսուս։ Դա մենք տեսանք գրեթե բոլոր ելույթներում։ Նաեւ կոնսենսուս կա ճանապարհների ապաշրջափակման շուրջ։ Ռուսաստանի ներկայացուցիչն ուղիղ խոսեց Աղդամի ճանապարհի վերագործարկման մասին, մյուս երկրները, մասնավորապես՝ առանցքային երկրներից Միացյալ Նահանգները, էդ հնարավորությունն ընդունեց՝ ի գիտություն։
ԳՈՌ — Կներես, արդարության համար ասենք, որ նույնիսկ հայկական կողմի ելույթը, խարսխված չէր ինքնորոշման, անկախության, անջատում հանուն փրկության գաղափարների վրա եւ, ըստ էության, նույն ինտեգրացիայի մանրամասների, դետալների մասին էր։
ԿԱՐՊԻՍ — Իրանք արդեն Պրահայում դրանից հրաժարվել են, Նիկոլ Փաշինյանն էլ ա հայտարարել, որ նշաձողն իջեցնում են։ Նիկոլ Փաշինյանը նշաձողը իջեցնելուց պայման էր դնում, որ պետք ա լինի, խոստանում էր լայն կոնսոլիդացիա։ Հիմա պետք ա Նիկոլ Փաշինյանին ուղիղ հարցնել՝ ո՞ւր ա կոնսոլիդացիան
ԳՈՌ — Բայց մանրամասնե՞լ էր ինչի շուրջ ա լինելու լայն կոնսոլիդացիան, կարո՞ղ ա ինչ որ բաներ կան։
ԿԱՐՊԻՍ — Նույնիսկ Հայաստանի կադաստրի վկայականի շուրջ չկա լայն կոնսոլիդացիա։ Բայց Հայաստանի իշխանությունը մի հատ ուրիշ մանիպուլյացիա ա անում։ Էդ օնլայն ֆեյսբուքյան տիրույթներում կամ լրատվամիջոցներով փորձում են մեծ դիվանագիտական հաղթանակ ներկայացնել ՄԱԿ հարցը տեղափոխելը։ Առաջին կուրսի ուսանողը, նույնիսկ դպրոցականը, կարա իմանա եւ հասկանա, որ Հայաստանը միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ ա, ցանկացած պահի, ցանկացած հարցով կարա դիմի ՄԱԿ, որովհետեւ ՄԱԿ-ի անդամ ա ու ցանկացած հարց քննարկման առարկա դարձնի, ստեղ որեւէ առանձնապես․․․
ԳՈՌ — ․․․մեծ տաղանդ պետք չի դա իրականացնելու համար։
ԿԱՐՊԻՍ — Մեծ տաղանդ պետք չի, բայց իրանք շատ հաճախ դա ներկայացնում են որպես Արարատ Միրզոյանի անձնական նվաճում։
ԳՈՌ — Ի դեպ, նույնիսկ հակառակը կար, որ բանաձեւ չընդունվեց, որովհետեւ Արարատ Միրզոյանի ելույթը թույլ էր, այսինքն՝ ընդեղ բոլոր տղերքը իրանց ելույթները առկախել, սպասում էին․․․
ԿԱՐՊԻՍ — ․․․կլասիկ Եվրատեսիլ, էլի։
ԳՈՌ — ․․․տենային, մի հատ Արարատ Միրզոյանն ինչ կարգի ելույթ ա ունենում, ըստ այդմ ասեին․․․ Դրա համար, օրինակ, ԱՄՆ-ը ասեց՝ դե լավ, որ թույլ ելույթ ա․․․
ԿԱՐՊԻՍ — Ախր, դա երգի մրցույթ չի, որ տենան Արարատ Միրզոյանը լավ ա երգում, դիրքորոշումը փոխեն։ Իհարկե որակը կապ ունի, բայց էդքան էական չի, թե ինքն էդ ժամանակ ինչ ա խոսում։
ԳՈՌ — Հիշում ես, Խրիմյան Հայրիկը, որ ասում էր՝ մեր լացը լսելի չեղավ, մեր լացը ոչ ոք չհասկացավ։ Հիմա ուզում են ասեն, որ Արարատ Միրզոյանը տենց ոնց որ նորմալ չլացեց, ընդունելի լաց չէր, էլի, հասկանալի լաց չէր։ Բոլորը երկաթի շերեփով էին գնացել, իսկ մեր թղթի շերեփը լավ չէր լացում։ Չստացվեց։
ԿԱՐՊԻՍ — Էականը էն ա, թե ինչ ա Արարատ Միրզոյանը արել վերջին ամիսներին։ Ի՞նչ ա բանակցել, ոնց ա բանակցել։ Դիվանագիտությունն էլի հանրային խոսքի, ճարտասանության արվեստի հետ են շփոթում։ Դիվանագիտությունը էդ չի, իրական դիվանագիտությունը կուլիսներում, կաբինետներում ա ընթանում։ Եվ էական ա, թե Փաշինյանը, Միրզոյանը, Գրիգորյանն ինչ են բանակցում։
ԳՈՌ — Էդ աշխատանքը, եթե թիրախային լիներ, եթե լիներ կոնկրետ գործընկերների, երկրների հետ, մենք դրա արդյունքները պիտի տեսնեինք։ Նիստում, ելույթների մեջ, բովանդակության մեջ պետք է տեսնեինք, եթե շատ էինք ուզում տեսնել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կամ նմանատիպ այլ կառույցները, ֆորմատները նրա համար չեն, որ մի կողմին աջակցեն, մյուսին անկյուն դնեն։ Դրա համար չեն ստեղծված, ստեղծված են տեղի աբորիգեններին, էս դեպքում՝ Հայաստանին ու Ադրբեջանին, ասելու՝ իրար վրա մի կրակեք, իրար սիրեք, հպարտացեք իրարով, գուրգուրեք իրար․․․ կայուն խաղաղություն, անվտանգություն տեղի աբորիգեններին։