Հայաստանի արդարադատության նախարարությունը մեկ կալանավորին պահելու համար ամսական ծախսում է միջինում 341 հազար դրամ (853 դոլար): Այդ գումարը ներառում է բոլոր ծախսերը, ներառյալ քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձը, պարգեւավճարները, տրանսպորտի, շինարարության ծախսերը եւ այլն: 2019-ին երկրի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 929 կալանավորված անձ, 2020-ին ՝ 1017, 2021-ին՝ 914, իսկ 2022-ին՝ 1217: Այսինքն՝ կալանավորվածների թիվը տարեցտարի աճում է, թեեւ 2023-ի հունվարից ուժի մեջ են մտել նոր քրեական օրենսգրքի նորմերը, որոնք նախատեսում են տնային կալանք եւ վարչական վերահսկողություն։
«Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2482 անձ, որոնցից 1110-ը դատապարտյալ են, իսկ 1372-ը՝ կալանավորված»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են գերատեսչությունում: Դրա հետ մեկտեղ աճում են նաեւ կալանավորվածներին պահելու ծախսերը։
Քրեակատարողական ծառայության ծախսերի համար 2019-ին հատկացվել է 9,4 միլիարդ դրամ, 2020-ին՝ 10,7 միլիարդ դրամ, 2021 եւ 2022 թվականներին՝ 10,9-ական միլիարդ դրամ։ «2023-ին ծառայության ծախսերի համար նախատեսված է 12 միլիարդ դրամ, փաստացի ծախսերը հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 5,9 միլիարդ դրամ»,- նշել են արդարադատության նախարարությունում։