Հայ աշակերտները միջազգային օլիմպիադայից մեդալներով են վերադարձել, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ:
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը եւ Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ Հարությունյանը: Արեգ Բարսեղյանը եւ Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի։
Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության եւ պլանետարիումի։ Հայաստանի թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը։
Ավելի վաղ՝ 2022 թվականին, Հայաստանի թիմը Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում արժանացել էր 3 բրոնզե մեդալների։