ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժերիկը մեկնաբանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ վարչակազմի մտադրության մասին տեղեկությունը:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ պատասխանելով «ճանաչո՞ւմ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, թե՞ ոչ» հարցին՝ Դյուժարիկը հայտարարել է, որ ցեղասպանության փաստը պետք է որոշեն համապատասխան դատական կառույցները։
«Մենք սկզբունքորեն մեկնաբանություններ չունենք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչեւ ՄԱԿ-ի ստեղծումը։ Եվ մենք տարբեր իրավիճակներում նշել ենք, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի համապատասխան դատական մարմինների կողմից»,- ընդգծել է նա։
Իրավական տեղեկանք 1. Միավորված ազգերի կազմակերպությունը Հայոց ցեղասպանությունից մոտ 30 տարի անց ստեղծված եւ այս պահին արդեն 193 անդամ պետություն ընդգրկող միջկառավարական կազմակերպություն է, որի խնդիրն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջեւ զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան լիազորված է քննելու միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում պետությունների համագործակցության ընդհանուր սկզբունքները (զինաթափում, սպառազինության կարգավորում եւ այլն)։
Իսկ որոշակի գործողությունների դիմելու անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր հարց նախքան քննարկելը (կամ հետո) հանձնվում է Անվտանգության խորհրդին։ Գլխավոր ասամբլեայի որոշումները, որպես կանոն, ունեն հանձնարարական բնույթ, այսինքն իրավաբանորեն պարտադիր չեն անդամ պետությունների համար:
Իրավական տեղեկանք 2. Քաղաքացիական եւ քրեական իրավունքում գոյություն ունեն հայցային վաղեմության ժամկետներ:
Խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում:
Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը