ՌԴ խաղաղապահները օգոստոսի 21-ին Ռուսաստանի եւ Արցախի 41 քաղաքացիների են տեղափոխել Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր։
Արցախի կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից հայտնել են, որ ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխվելուն, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ եւ արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների եւ ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:
Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ եւ պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային եւ այլ նպատակներով հազարավոր անձանց երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը:
Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները եւ նրանց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը եւ օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաներն անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղեւորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը:
Հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 21-ը ներառյալ Ադրբեջանը շարունակում է արգելել Հայաստանից Արցախ բոլոր հումանիտար բեռների տեղաշարժը, ինչի հետեւանքով հումանիտար աղետն Արցախում օրեցօր խորանում է: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, հուլիսի 26-ից շարունակում է կասեցված մնալ Արցախի համար Հայաստանի ուղարկած շուրջ 400 տոննա հումանիտար աջակցությունը:
Ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների անցումը որեւէ կերպ չի փոխում Արցախի կառավարության դիրքորոշումը Լաչինի միջանցքում գործող այդ անցակետի եւ ադրբեջանական մնացած խոչընդոտների վերաբերյալ: Արցախի կառավարությունը շարունակում է պնդել, որ պետք է ամբողջությամբ վերականգնվի անձանց, մեքենաների ու բեռների անխափան եւ երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց ադրբեջանական որեւէ միջամտության՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի հրամանների: