Հացի խնդիրը Արցախում շատ է սրվել, քանի որ գյուղացիները թշնամու կրակոցների պատճառով չեն կարողանում ցորենը հավաքել, ալյուրն էլ գնալով պակասում է։ Տեղեկությունը հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։ Նա շեշտել է, որ ալյուր ստանալու համար այս տարվա ցորենի բերքն են օգտագործում, իսկ Ադրբեջանն անընդհատ սադրում է, կրակում հենց այն դաշտերի ուղղությամբ, որտեղ փորձում են բերքահավաք անել։ ՄԻՊ-ի օգնականը նշել է, որ Արցախի սուպերմարկետներն ամբողջությամբ փակ են, ըստ նրա՝ արդեն անիմաստ է դրանց բաց լինելը, միեւնույնն է, ապրանք չկա։ Նա հավելել է, որ միայն փռերն են աշխատում, թեեւ վերջին երկու օրը Ստեփանակերտի փռերի մեծ մասը չէր աշխատում։ Բաց են նաեւ դեղատները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը նշել է, որ Արցախում փորձում են միմյանց աջակցել ապրանքափոխանակության եղանակով։ «Մեկը գրում է, որ ատամի մածուկ ունի, ու շամպուն է անհրաժեշտ, մյուսն էլ` օճառ ունի, հիգիենայի այլ պարագա է պետք։ Այդպես մեկը մյուսին օգնում է, իր մոտ եղածը տալիս է դրա կարիքն ավելի շատ ունեցողին»,- նշել է ՄԻՊ-ի օգնականը։ Նա հավելել է, որ հիգիենայի պարագաներն Արցախում գրեթե վերջացել են։ «Դրա պակասը երբեմն փորձում ենք ժողովրդական միջոցներով լուծել, ատամի մածուկի վերջանալու դեպքում ողողումներ ենք անում կամ բարտերային տարբերակով փորձում ենք գտնել»,– նշել է Արցախի ՄԻՊ–ի օգնականը։։