Այսուհետ հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Եվրոպական հանձնաժողովի առողջապահության եւ սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրենությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:
«Դա նշանակում է, որ այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի եւ/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես էլ կենդանական ծագման վերամշակված արտադրանք)»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովի որոշումն ընդունել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաեւ կատարվող վերահսկողության արդյունքների հիման վրա: