The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Չինաստանին աղքատությունից դեպի մեծ գերտերության կարգավիճակի հասցրած տնտեսական մոդելը ջախջախված է եւ լուրջ խնդիրների նախանշաններ է ցույց տալիս: «Տասնամյակներ շարունակ Չինաստանը սնուցում է իր տնտեսությունը՝ ներդրումներ կատարելով գործարանների, երկնաքերների եւ ճանապարհների կառուցման վրա: Տնտեսական այդ մոդելը սկիզբ դրեց աճի արտասովոր ժամանակաշրջանը, որը Չինաստանին դուրս բերեց աղքատությունից եւ վերածեց այն համաշխարհային հսկայի, որի արտահանման հզորությունն ընդգրկեց ամբողջ աշխարհը», — նշվում է հոդվածում: Սակայն, ըստ վերլուծաբանների, ներկա դրությամբ այս տնտեսական մոդելն իրեն սպառել է։
Երկրի տնտեսական աճը կտրուկ դանդաղել է
Երկրի արտաքին պարտքի բեռը եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների փչանալը, գրում է WSJ-ը, հանգեցրել են նրան, որ Չինաստանի տնտեսական աճը կտրուկ դանդաղել է եւ սպառնում է վերածվել երկարատեւ լճացման, որը հիշեցնում է 1990-ականների սկզբի Ճապոնիան։ Պարբերականը նշում է, որ Պեկինը սպառում է իր ենթակառուցվածքն ընդլայնելու հնարավորությունները, Չինաստանի որոշ հատվածներում կամուրջներն ու օդանավակայաններն ամբողջ հզորությամբ չեն օգտագործվում, միլիոնավոր բնակարաններ դատարկ են, իսկ ներդրումների ծախսերը ծածկելու կարողությունը կտրուկ նվազել է:
Շուրջ 130 միլիոն բնակարան դատարկ է
Որպես անհարկի ծախսերի օրինակ՝ պարբերականը բերում է Յունան նահանգում գրեթե երեք ֆուտբոլային դաշտի չափով նոր ՔՈՎԻԴ-19 կարանտինային հաստատության կառուցումը, չնայած այն հանգամանքին, որ Չինաստանը մի քանի ամիս առաջ ավարտեց իր «ՔՈՎԻԴ զրոյական» քաղաքականությունը։ Վերլուծաբանների կարծիքով՝ չինական անշարժ գույքի շուկայում ուռած պղպջակը կարող է ցանկացած պահի պայթել։ Ըստ Չինաստանի Հարավարեւմտյան համալսարանի ֆինանսների եւ տնտեսագիտության ուսումնասիրության՝ 2018-ին Չինաստանի քաղաքների յուրաքանչյուր հինգերորդ կամ առնվազն 130 միլիոն միավոր բնակարան դատարկ է եղել: Պահանջարկի անկման եւ գնաճի աճի պատճառով երկրում շատ կառուցապատողներ սնանկացման եզրին են:
Օտարերկրյա ներդրումները վտանգվա՞ծ են
Բացի ավելորդ ծախսերից՝ Չինաստանի տնտեսությունը բախվում է ժողովրդագրական անբարենպաստ վիճակի։ Նշվում է նաեւ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ «աճող ճեղքվածքը», ինչը վտանգում է երկրում օտարերկրյա ներդրումները։ «Սա կարող է ոչ միայն տնտեսական թուլության հերթական փուլ, այլ ավարտին մոտեցող տեւական դարաշրջանը խորհրդանշել»,- ընդգծել են WSJ-ի վերլուծաբանները:
Կհաջողվի՞ կրկնապատկել տնտեսության ծավալը
Պարբերականը վկայակոչում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, որը Չինաստանի ՀՆԱ-ի աճն առաջիկա տարիներին գնահատում է 4%-ից ցածր, ինչը վերջին չորս տասնամյակում նրա ցուցանիշի կեսից պակաս է: Բացի դրանից՝ լոնդոնյան Capital Economics-ը համարում է, որ թրենդային աճը Չինաստանում դանդաղել է 2019-ի 5%-ից մինչեւ 3%, իսկ 2030-ին կնվազի մինչեւ մոտ 2%: Այս տեմպերով ընթանալու դեպքում, նշում է WSJ-ը, Չինաստանին չի հաջողվի հասնել Սի Ցզինպինի՝ մինչեւ 2035 թվականը տնտեսության ծավալը կրկնապատկելու՝ դեռ 2020-ին դրած նպատակը։
Տնտեսությունը շարունակում է «մինուսով» աշխատել
Սա կդժվարացնի Չինաստանի միջին եկամուտ ունեցող զարգացող շուկայից դուրս գալը եւ կարող է նշանակել, որ Չինաստանն՝ իբրեւ աշխարհի ամենախոշոր տնտեսություն, երբեք չի գերազանցի ԱՄՆ-ին, մի բան, որին Պեկինը հավակնում էր երկար ժամանակ: Պարբերականը նշում է, որ ներկայում Չինաստանի տնտեսությունը շարունակում է «մինուսով» աշխատել։ Միջազգային հաշվարկների բանկի տվյալներով՝ Չինաստանի ընդհանուր պարտքը, կառավարական տարբեր մակարդակների եւ պետական ընկերությունների պարտքը ներառյալ, 2022-ի դրությամբ Չինաստանի ՀՆԱ-ի համեմատ հասել է գրեթե 300%-ի՝ գերազանցելով ԱՄՆ-ի մակարդակը՝ 2012 թվականից ի վեր աճելով առնվազն 200%-ով։ Ընդ որում՝ Չինաստանի քաղաքները պարտավորվել են մարել պարտքի առյուծի բաժինը։
Արտաքին պարտքը՝ ավելի քան 9 տրիլիոն դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ նախագծերի ուղղակիորեն ֆինանսավորման համար փոխառելու առումով կաշկանդված Չինաստանը, որի պարտքը ավելի քան 9 տրիլիոն դոլար է, կառչել է արտահաշվեկշռային ֆինանսավորման մեխանիզմներից:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը