Ճանաչողական այցով Գյումրիում է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Դեսպանին ընդունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում:
Մարզպետը դեսպանին է ներկայացրել Շիրակի մարզն ու մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին եւ առաջիկա անելիքներին․ «Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն` երկրաշարժից հետո Շիրակը կորցրեց երբեմնի հզորություններն ու տասնամյակներ շարունակ վերականգնման ու կառուցման ճանապարհով անցավ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն դեռ անելիքներ ունենք։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը, պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման նոր ուղի բռնելու համար։ Լիահույս եմ, որ հայ-ֆրանսիական միջմարզային հարաբերություններն այսուհետ էլ կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով դրանց սերտացմանը նպաստել։ Շիրակի մարզն ու համայնքներն արդեն ունեն համագործակցության փորձ Ֆրանսիայի տարբեր շրջանների հետ, վստահ եմ՝ համատեղ ջանքերով այդ գործակցությանը նոր շունչ ու թափ կհաղորդենք»։
Դեսպանը նշել է, որ ջանք չի խնայելու ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման համար․ «Շիրակի մարզի հետ Ֆրանսիայի տարբեր շրջաններ ու քաղաքներ արդեն բարեկամություն են հաստատել, վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ մեր հագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու, նոր ուղղություններով զարգացնելու համար, խոսքս թե’ տնտեսական, թե’ մշակութային համագործակցությանն է առնչվում»։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային, առողջապահական, կրթական բնագավառներում համագործակցությանն ու համայնքների միջեւ ապակենտրոնացված գործակցության նոր հեռանկարներին։
Հանդիպման ավարտին մարզպետը հուշանվեր է փոխանցել դեսպանին՝ վստահություն հայտնելով որ հանդիպումները կլինեն պարբերական, որոնց արդյունքում կնախանշվեն ու կիրականացվեն նոր ծրագրեր։