Բորիս Կեւորկովը մարզկոմի քարտուղար էր նշանակվել ԼՂԻՄ-ի կազմավորման հիսուներորդ տարում՝ 1973 թվականին, բայց հայ «ազգայնականության» դեմ ջարդարարական նրա հայտնի ելույթը հնչեց 1975-ի մարտին:
Պատահականությո՞ւն էր, որ հայկական ինքնավարության առաջնորդը ցեղասպանության վաթսուներորդ տարելիցին ընդառաջ Էնվերին պիտի անվաներ ընդամենը «ոչ ցանկալի անձ»:
Ութերորդ դասարանի աշակերտ էի: Այս տողերը գրելիս հիշում եմ հորս՝ զայրույթից (ավելի ճիշտ՝ անզորությունից) մոխրագունած դեմքը, երբ համագյուղական կուսակցական ժողովից տուն էր եկել, վրա-վրա ծխում եւ «անասուն» էր ասում մեկին, որը կոչ էր արել գրականության դասագրքերից «վտարել Ռափփուն» եւ ամեն ինչ, որ «երեխաների հոգին պղտորում է»:
Քառորդ դար առաջ այդ մարդը պետանվտանգության մարմիններին մատնագիր էր տվել, որ պապս գիշերներն «Ամերիկայի ձայն» է լսում: Պապս Գյումրիի ամերիկյան որբանոցում անգլերեն էր սովորել: Նրա անձնագրում ծննդյան վայրի դիմաց ռուսերեն գրված էր՝ город Ван, Турция, եւ մենք՝ գյուղի նրա հինգ թոռներս, մանկուց գիտեինք, որ նա, ինչպես հորական տատս էր ասում, «տաճկահայ է»:
Լեռնային Ղարաբաղ էր եկել 1924 թվականին՝ ինքնավար մարզի լուսժողկոմ Արշավիր Քամալյանի կոչով, որ տպագրվել էր «Խորհրդային Հայաստան» թերթում: Ամուսնացել էր: Եվ արդեն երեք աղջկա հայր՝ Նուխի քաղաքի հայկական դպրոցի տնօրենի նշանակում էր ստացել: Պատմում էր, որ ստալինյան-բաղիրովյան «մսաղացի» զոհ կդառնար, եթե չօգներ Ադրբեջանի կրթության փոխնախարար Շավարշ Վարդունին:
Այդ նա է մի քանի օրում կազմակերպել՝ Երեւանից Բաքու հասցրել շքանշանակիր բանաստեղծ Նաիրի Զարյանի վկայություն-միջնորդությունը, որ իմ պապ Հովհաննես Մինասյանը «Լենինականի որբանոցում ընդհատակյա կոմերիտկազմակերպության անդամ եւ եռանդուն կազմակերպիչ է եղել»: Բանտարգելությունից, աքսորից, գնդակահարության սպառնալիքից փրկվել էր, պաշտոնանկությունից՝ ոչ: Ուղարկել են հետ՝ Լեռնային Ղարաբաղ, եւ ընդմիշտ դատապարտել շարքային ուսուցչության, թեեւ մի քանի տարի անց արժանացավ վաստակավոր ուսուցչի կոչման:
Գյուղից նա Երեւան տեղափոխվեց 1965 թվականին, երբ Քանաքեռում գտավ ավագ եղբոր որդուն՝ Պողոսին, Ավշարում՝ քրոջ որդուն՝ Հովսեփին: Իսկ հայրս գրականագետ-արվեստաբան Ռուբեն Զարյանի միջոցով Երեւանից ամեն շաբաթ «Հայրենիքի ձայն» թերթի թարմ օրինակ էր ստանում՝ փակ, զմռսած ծրարով: Կարդում էինք: Հիշում եմ հատկապես հայտարարությունների բաժինը, որտեղ աշխարհասփյուռ հայությունը հարազատներ էր որոնում Խորհրդային Հայաստանում, այլ հանրապետություններում՝ մեկը կես դար առաջ փրկվել, հանգրվանել է Կովկասի ինչ-որ քաղաքում, Ռուսաստանի հարավում կամ գուցե անցել Միջին Ասիա:
Մեր գյուղը գիտեր, որ «Մինասյանը տաճկահայ է»: Մարտակերտի շրջանի Թալիշ, Չայլու եւ Մոխրաթաղ գյուղերում նա որբանոցային ընկերներ ուներ՝ Գեւորգ Աբրահամյան, Սեդրակ Գասպարյան, Հարություն Եղիազարյան: Նրա որբանոցային ընկեր Տոնական Գալստյանն իմ մորական տատի քրոջ ամուսինն է եղել: Զոհվել էր Հայրենական մեծ պատերազմում: Իսկ շա՜տ տարիներ անց Տոնական Գալստյանի եղբո՞ր, թե՞ քրոջ ընտանիքը, որ Լենինականում էր ապրում, Լեռնային Ղարաբաղի Առաջաձոր գյուղում գտել է իրենց հարազատին՝ Տոնականի դստերը՝ Ագնեսային, եւ հյուսել շատ ջերմ բարեկամություն:
Պապս որբանոցային ընկեր ուներ նաեւ Ստեփանակերտում, մանկավարժական մեր ինստիտուտի դասախոս Կարո Դավթյանն էր: Նա մեզ լեզվաբանություն եւ գրաբար էր դասավանդում: Եվ կորցրած Սասունից, որբության տարիներից միայն մի բան էր ասում, որ Թիֆլիսի մոտ՝ Կրծանիսի որբանոց, մի օր այցի է եկել Հովհաննես Թումանյանը, համեստ նվերներ է տվել, քաջալերիչ խոսք ասել:
Եվ շա՜տ հպարտ էր մեր դասախոս Կարո Դավթյանը, որ Թումանյանի հարյուրամյակի տարում «Խորհրդային Ղարաբաղ» թերթը տպագրել է «Տեսել, լսել, խոսել եմ հետը» խորագրով իր հոդվածը՝ հուշիկներ Ամենայն հայոց բանաստեղծի մասին:
Մենք տաքգլուխ պատանի էինք, չէինք գիտակցում, թե դրանով ինչ է հուշում Կարո Դավթյանը: Ես նրան հասկացա մեկ տարի անց, երբ պրոֆեսոր Գուրգեն Անտոնյանի պարտադրանքով աշխատանք գրեցի՝ «Քսաներորդ դարասկզբի արեւմտահայ պոեզիան» թեմայով, որ ներկայացվելու էր Ուլյանովսկում կազմակերպվելիք գիտաժողովի եւ, բնականաբար, պիտի արժանանար մեր մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի հավանությանը:
Աշխատանքը թարգմանվեց ռուսերեն, հրավիրվեցի գիտխորհրդի նիստի: Ինստիտուտի պրոռեկտորը թուրք էր՝ Նաջաֆ Գուլիեւ: Երբ հերթը հասավ ինձ, եւ հրապարակվեց ելույթիս թեման, Գուլիեւն ընդհատեց, չար նայեց պրոֆեսոր Անտոնյանին եւ ատամների արանքից ֆշշացրեց՝ «Что за глупости, Гурген Герасимович», եւ վաստակաշատ գիտնականը չկարողացավ Աղդամի՞, թե՞ Կիրովաբադի դպրոցներից մեկի նախկին ուսմասվարին համոզել, որ արեւմտահայ պոեզիան շնչում է ժողովրդական լավագույն ապրումներով, աշխատանքի եւ խաղաղության բաղձանքով:
Ի հեճուկս Նաջաֆ Գուլիեւի, երբ գիտեի, որ մեզնից հետո նույն լսարանում նա թուրք ուսանողներին չգիտեմ ինչ պիտի դասախոսի, գրատախտակին կավճով Մասիսն էի ուրվագծում եւ գրում. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: Իսկ պատմության բաժնի ուսանողները մի ապրիլի 24-ի պատի թերթ կախեցին ֆակուլտետի դեկան Սուլեյման Զեյնալովի առանձնասենյակի դռանը:
Ժամանակները բարեխառն էին, միջադեպն արագ հարթվեց: Տուժեց միայն նախաձեռնողը՝ Վաչագան Հարությունյանը: Նա կլոր գերազանցիկ էր, բայց ավարտական քննությունից «միջակ» նշանակեցին, զրկեցին առաջին կարգի դիպլոմից, ուղարկեցին Դաշքեսանի հեռավոր մի գյուղ, որտեղ Սահակ Սեւադայի բերդ աշակերտներին էքսկուրսիա տանելու համար հետապնդվեց, հալածվեց: Ստիպված հեռացավ, ղազախական Շեւչենկո քաղաքում դարձավ պարարտանյութերի գործարանի բանվոր:
Մեր ապրիլի 24-ը հանրակացարանային սենյակում Զորավար Անդրանիկի եւ Վազգեն Վեհափառի մեծադիր լուսանկարներն էին եւ հոգեբանության դասախոս Գրիգոր Դանիելյանի «Էլեգիա մորս եւ ավերակված քաղաքի մասին» պոեմը, որ գրել էր Շուշիի կոտորածներից փրկված մոր հուշերով: 1981 թվականին այդ ձեռագրի, Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նյութերը պահելու եւ «Ադանայի ողբի» ձայնասկավառակը լսելու համար նրան ութ տարով բանտարկեցին:
Այդ տարի արդեն գյուղում ուսուցիչ էի, փոխարինել էի հիսունմեկ տարեկանում մահացած հորս: Պապս Երեւանից նվեր ուղարկեց: Շիրազի «Հայոց դանթեականի» ձայնագրությունն էր՝ երկու կլոր ժապավենասկավառակի վրա։ Իսկ Շուշիում այսօր դարձյալ թուրքն է: Ինչպե՞ս կնշի այս ապրիլի 24-ը կարեվեր խոցված Արցախը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։