Ուկրաինայում իրավապահները օգոստոսի 22-ից ավելի քան 200 համաժամանակյա խուզարկություն են սկսել տարածքային հավաքագրման եւ սոցիալական աջակցության կենտրոնների (զինվորական հաշվառման եւ զինկոմիսարիատներ), ռազմաբժշկական եւ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներում։
Երկրի գլխավոր դատախազության գրասենյակից հայտնել են, որ խուզարկությունների պատճառ են դարձել հանրապետության գրեթե բոլոր մարզերում զինկոմիսարիատների ու հանձնաժողովների գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտված լայնածավալ կոռուպցիոն սխեմաները։ «Նախնական տվյալները վկայում են զինվորական հաշվառման եւ զինկոմիսարիատների, ռազմաբժշկական եւ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներում պաշտոնյաների հավանական ներգրավվածության մասին»,- ասված է զեկույցում։
Հետաքննության տվյալներով՝ զինկոմիսարիատների ու հանձնաժողովների աշխատակիցները քաղաքացիներին «օգնել են» հաշմանդամություն ձեւակերպելու կամ ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու։ Դա զորակոչը հետաձգելու կամ դրանից խուսափելու հնարավորություն է ընձեռել։
Հետաքննությունների պետական բյուրոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ բացահայտվել է 388 անձ, որոնց առնչությամբ կասկածներ կան զինվորական ծառայության ոչ պիտանիության մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումների օրինականության վերաբերյալ։ Վերանայվում են բժշկական փաստաթղթերը, որոնք կարող են հաստատել զինվորական ծառայության համար ոչ պիտանիության, անձնական գործերի եւ նման բաների մասին ապօրինի որոշումներ ընդունելու փաստերը: Խուզարկություններ են կատարվում, մասնավորապես, Վիննիցայի, Չերկասիի եւ Կիեւի շրջաններում։ Անցած շաբաթ խուզարկություններ են անցկացվել Օդեսայի եւ Նիկոլաեւի մարզերում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Բերիսլավի շրջանային զինկոմիսարիատներում։