Պատերազմի հետեւանքով Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցելու նպատակով «Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը շարունակում է հայտեր ընդունել։
Ծրագրին կարող են դիմել այն անձինք, որոնք Ուկրաինայում բնակվել են նվազագույնը երեք ամիս եւ Հայաստան են տեղափոխվել պատերազմի պատճառով։
Վերաինտեգրման ծրագիրը աջակցության երեք բաղադրիչ ունի․
Սոցիալական, որը ներառում է բնակվարձի եւ/կամ կոմունալ վճարների փոխհատուցում, առաջնային անհրաժեշտության գույքի, տեխնիկայի, հագուստի, հիգիենայի պարագաների տրամադրում։ Սոցիալական աջակցության բաղադրիչով տրամադրվում է նաեւ հոգեբանական եւ իրավաբանական անվճար խորհրդատվություն։
Մասնագիտական վերապատրաստում, ներառյալ՝ հայոց լեզվի, անհրաժեշտության դեպքում նաեւ օտար լեզուների դասընթացներ։
Բիզնես դասընթացներ ներառող PINcubator բիզնես ինկուբացիոն ծրագիր՝ փոքր բիզնես ծավալելու համար, դրամաշնորհների տրամադրում եւ մասնագետի աջակցություն՝ քոոուչինգ:
Ծրագիրը նախատեսում է նաեւ հայրենաճանաչությանն ուղղված արշավներ՝ շահառուների ինտեգրումն ու միմյանց հետ շփումը հեշտացնելու համար։
Շահառուների հետ աշխատանքը կատարվում է անհատական կարիքի գնահատման միջոցով՝ «Մարդը կարիքի մեջ» եւ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունների մասնագետների օգնությամբ՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունն ու հնարավորությունները ծրագրի վերոնշյալ երեք բաղադրիչներում ներառելու համար։
Դիմումների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ (+374) 95 45 01 46 հեռախոսահամարով կամ լրացնել հայտադիմումը: