«Հասարակական սննդի օբյեկտներում ֆրիի գույնին նայելով՝ արդեն գիտեմ, թե ինչ ձեթի մեջ է պատրաստվել»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է «Bio oil» ընկերության ներկայացուցիչ Պավել Օգանեզովը։
Բանն այն է, որ հասարակական սննդի ոչ բոլոր օբյեկտներում է, որ ձեթը մեկ անգամ կամ նույնիսկ մեկ օր օգտագործվելուց հետո թափվում է։ Շատ հաճախ այն պահում եւ հաջորդ օրը նորից են օգտագործում՝ մեջը կարտոֆիլ կամ այլ մթերք տապակելով։ «Եվրոպական երկրներում խստիվ արգելվում է ձեթի բազմակի օգտագործումը, դա վնասակար է մարդկանց առողջության համար, քաղցկեղածին է»,- շարունակում է Պավելը։
Շուտ ենք հիվանդանում եւ ծերանում
«Խոր ծխեցված յուղում պատրաստված սնունդն օրգանիզմում առաջացնում է օքսիդանտիվ սթրես։ Այսօր ամբողջ աշխարհը խոսում է, որ մեր սննդակարգը պետք է հարուստ լինի բնական հակաօքսիդանտներով, որ դուրս բերի ազատ ռադիկալները, որ օքսիդանտիվ սթրես չառաջանա։ Եվ մենք հնարավորինս պետք է խուսափենք ազատ ռադիկալներ պարունակող բարձր ջերմային մշակում անցնող մթերքներից, հավելումներից, խոր տաքացման պրոցես անցնող՝ ուլտրավերամշակված սննդից»,- ասում է սննդագետ Դավիթ Պիպոյանը։
Մասնագետների գնահատմամբ՝ այժմ ամբողջ աշխարհում սննդակարգ-առողջություն կապը շատ կարեւոր նշանակություն ունի մասնավորապես ոչ վարակիչ հիվանդությունների, հատկապես քաղցկեղի, շաքարային դիաբետի, հիպերտոնիայի կանխարգելման գործընթացում։ Եվ տարեցտարի շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում սննդամթերքի անվտանգության, սննդամթերքի վերամշակման եւ առհասարակ սնուցման հարցերին։
Մեր սննդակարգում գրեթե ամենօրյա ռեժիմով օգտագործվող կարտոֆիլն առողջ սնունդ է, երբ ճիշտ է պատրաստվում, ասենք՝ ընդամենը խաշվում է։ Բայց երբ յուղի մեջ է տապակվում, ոչ միայն կորցնում է օգտակար հատկությունները, այլեւ վնասում է առողջությանը։ Վնասակար է հատկապես հասարակական սննդի կետերում պատրաստվող տապական՝ «ֆրին»։ Նույնը վերաբերում է տապակելու միջոցով պատրաստվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող սննդի բոլոր տեսակներին, օրինակ՝ ժամանակին ուսանողների շատ սիրելի կարտոֆիլով կարկանդակին՝ «пирожки»-ին։
Իսկ ձեթը երկար կամ երկրորդ անգամ օգտագործում են հատկապես հասարակական սննդի կետերում։ Իհարկե, լինում է, որ ձեթի մեջ ոչինչ չի տապակվում, բայց չեն թափում, սառեցնում եւ անհրաժեշտության դեպքում նորից գազօջախին են դնում, եւ այդպես՝ ամբողջ օրը, երբեմն նաեւ՝ հաջորդ օրը։ Ոչ բոլոր օբյեկտներն են այդպես վարվում, բայց որոնք ցանկանում են խնայել, օգտագործված ձեթը չեն թափում։
Որքան շատ է եռացվում յուղը, այնքան շատ ազատ ռադիկալներ են առաջանում։ Իսկ ազատ ռադիկալներն ավելացնում են բջջի ծերացման, խրոնիկ հիվանդությունների ռիսկը։ «Մենք մեր ավանդական ճաշատեսակների մեջ չունենք բարձր ջերմամշակում անցած, տապակած ուտեստներ․ եթե արդեն կան, ներմուծված բաղադրատոմսեր են։ Մերը պլեճն էր, ֆրին նոր երեւույթ է։ Տապակածը բոլորովին էլ բարձրորակ կամ օգտակար սնունդ չէ։ Պետք է խուսափել «ֆրիտյուրնիցաների մեջ պատրաստվող սննդից»»,- ասում է սննդագետը։
Հայտնի բժիշկ Հայկ Մանասյանն էլ հավելում է, թե առողջ սնվելու մշակույթը, որ ամեն մի ժողովուրդ տարիներ շարունակ մշակել է իր համար, այսօր դուրս է եկել վերահսկողությունից։ Հիմա շատերը բնազդաբար ըստ ճաշակի, ըստ համային զգացողության, ոչ թե ըստ անհրաժեշտության ու օգտակարության են սնվում։ Այդ հարցում «մեծ ներդրում» ունեն տապակվող ուտեստները, որոնք, ինչ խոսք, համով ու գայթակղիչ են, շատ հաճախ պահանջում են, որ հետը գազավորված քաղցր հյութ խմես, եւ դառնում են, օրինակ, շաքարային դիաբետի պատճառ։
Մինչդեռ զարգացած երկրներում ձեթի բազմակի օգտագործումը խստիվ արգելված է հենց առողջության կամ հիվանդությունների կանխարգելման համար։ «Եվրոպական բոլոր երկրներում վաղուց ձեւավորված պրակտիկա է, որ ձեթը բազմակի չի օգտագործվում։ Սննդի օբյեկտները կարող են զրկվել լիցենզիայից։ Չինաստանում դա անգամ համարվում է քրեորեն պատժելի արարք»,- ասում է Պավել Օգանեզովը։
Մեծ վնաս շրջակա միջավայրին
Ոչ միայն ձեթի կրկնակի օգտագործումը, այլեւ առհասարակ բնական կամ կենդանական յուղը թափելն է վտանգավոր։ Այն վնասում է բնությանը, շրջակա միջավայրին։ Հիշենք, թեկուզ մի քանի տարի շարունակ գետերի, կոյուղաջրերի մեջ թափվող յուղից կեղտոտված, ծանրացած եւ թռչել չկարողացող արագիլներին, որոնց կյանքն այդ պատճառով երբեմն վտանգվում էր։
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանն ասում է՝ յուղի թափոնների կառավարման օրենսդրական նորմերը մշակված են՝ արգելվում է այն թափել բնության մեջ, բայց դրա կիրառումն է թերի։ Պետական գերատեսչությունները դեռ չունեն բավարար հնարավորություններ՝ հսկելու օրենքի կիրառումը կամ իրազեկման, բացատրական աշխատանք տանելու հասարակության եւ տնտեսվարող սուբյեկտների՝ յուղի թափոն առաջացնող սննդի օբյեկտների կամ արտադրական ընկերությունների հետ։ Բայց հավատացնում է, որ վերջին երեք տարիներին աշխատանքներն արդյունք են տվել․ կոնկրետ Արարատյան դաշտավայրում գտել են աղտոտման աղբյուր շուրջ 300 օբյեկտների տերերին եւ նրանց հետ բացատրական աշխատանք տարել։ Արդյունքում գրեթե երեք անգամ կրճատվել են արագիլների աղտոտման դեպքերը։
Բայց օգտագործված յուղը լուրջ վնաս է հասցնում բնությանն ընդհանրապես։ Այն սովորաբար լցվում է կոյուղին կամ ջրանցքները, որոնք հետո թափվում են գետերը։ Տնային տնտեսությունները նույնպես օգտագործված ձեթը, եթե անգամ նորից չեն օգտագործում, թափում են կոյուղին։ «Ձեթն ինքն իրենով դժվար է քայքայվում (ջրում չկան այնպիսի բակտերիաներ, որ քայքայեն, դրա համար էլ մնում են, վատացնում ջրի որակը), թույլ չի տալիս, որ ջրիմուռները նորմալ աճեն, փչացնում են ջրային էկոհամակարգը, եւ մենք ունենում ենք աղտոտված գետեր։ Գյուղերում մաքրման կայաններ չկան, Երեւանի մաքրման կայանն էլ մասնագիտացված է միայն կոյուղու նյութերի մաքրման, ոչ թե յուղն ու ձեթը քայքայելու գործում»,- ասում է Աղաբաբյանը։
Նա հավելում է, որ սկսել են աշխատել օգտագործված ձեթ ընդունող ընկերությունների հետ, որոնք կարող են կազմակերպել դրա վերամշակումը Հայաստանում կամ արտերկրում։ Տնտեսվարողներին կոչ է անում չվնասել շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը եւ օգտագործված ձեթը կոյուղին, գետերը, հողի մեջ լցնելու փոխարեն վաճառել նրանց։
Քաղցկե՞ղ, թե՞ բիոդիզել
Հայաստանում կան կազմակերպություններ կամ անհատներ, որոնք գնում են օգտագործված ձեթը։ Նրանց կարելի է հանդիպել նաեւ List.am կայքում։ Գնորդների մեծ մասը դրանով հարստացնում են անասնակերը եւ վաճառում ֆերմերներին։ Վերջիններս իրենք էլ են գնում եւ խառնում իրենց անասունների կերին։
Օգտագործված ձեթը գնում են նաեւ հացթուխները՝ քսում են հաց թխելու տարաների վրա, որ խմորը չկպչի մետաղին։ Բայց այս բոլոր մակարդակներում երբեւէ քննարկում չի եղել օգտագործված ձեթի վնասակարության մասին։ Կարեւորը բիզնեսն է։
Հայաստանում առայժմ միակ մասնագիտացված եւ իրավական դաշտում աշխատող ընկերությունը «Bio oil»-ն է, որն օգտագործված ձեթը գնում եւ արտահանում է Պորտուգալիա, Իսպանիա, Գերմանիա։ Այնտեղ դրանից ստանում են գլիցերին, օճառ եւ, որ ամենահետաքրքիրն է, բիոդիզել՝ վառելանյութ մեքենաների համար։
Մեր երկրում մեկ լիտր օգտագործված ձեթի միջին գինը 200 դրամ է։ Ընկերության ներկայացուցիչ Պավել Օգանեզովն ասում է՝ Հայաստանում մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր ամիս վաճառվում է մոտ 60 տոննա օգտագործված ձեթ։ Դրա մոտ 30 տոկոսը կամ 18-20 տոննան է գնում ճիշտ կառավարման, մնացածը գնվում-վաճառվում է սեւ շուկայում եւ օգտագործվում է այնպիսի ոլորտներում, որտեղից մեր առողջությանը կարող է լուրջ վնաս հասնել։ Նրանք նաեւ հարկային դաշտից դուրս են աշխատում։
Պավել Օգանեզովն ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը եւ ասում է՝ այնտեղ հասարակական սննդի օբյեկտներն են վճարում, որ իրենց օգտագործած ձեթը վերամշակմամբ զբաղվող ընկերությունները տանեն։ Մինչդեռ Հայաստանում իրենք են վճարում, բայց դժվարությամբ են կարողանում նման օբյեկտներից գնել, քանի որ շատերը դա նորից են օգտագործում՝ վնասելով իրենց հաճախորդների առողջությանը։
Նա մտածում է, որ եթե այդ օբյեկտների սեփականատերերը գիտակցեն, որ օգտագործված ձեթը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, միգուցե չգնան այդ քայլին։ Բայց դրա համար համակարգված աշխատանք է պետք։ Օգանեզովն ասում է՝ երբ օգտագործված ձեթ են ընդունում, շատ հաճախ հնարավոր չի լինում դրանց տարաներին առանց հակագազի մոտենալ, որովհետեւ շատ սուր ու տհաճ հոտ է գալիս։ Դե պատկերացրեք, որ դրա մեջ կարտոֆիլ, կարկանդակ կամ միս է տապակվել։
«Bio oil»-ը մտադիր է ավելի լուրջ աշխատանք տանել մեր երկրում, իրազեկումը հասցնել այն մակարդակի, որ սննդի օբյեկտներն իրենք փնտրեն օգտագործված ձեթն ընդունողներին, եւ որ պետությունն ավելի լուրջ գործի այդ դաշտում՝ կանխարգելելով իր քաղաքացիների առողջությանը հասցվող վնասը։ Ընկերությունը նաեւ որոշել է Հայաստանում կառուցել օգտագործված ձեթի վերամշակման, մասնավորապես բիոդիզել արտադրող գործարան։ Արդեն իսկ կատարել են մոտ 100 հազար եվրոյի ներդրում։
Ընկերության սեփականատերերը նման գործարան ունեն Վրաստանում։ «Վրաստանում 2022 թվականի հունվարից ուժի մեջ մտավ կառավարության որոշում, որն արգելում է օգտագործված ձեթը փոխանցել ոչ սերտիֆիկացված անձանց կամ ընկերություններին, բայց ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ, ինչպես եվրոպական երկրներում է։ Ամեն դեպքում առաջին քայլերն արված են։ Հույս ունենք, որ Հայաստանում էլ կհասնենք այն մակարդակի, որ քաղցկեղածին սննդի փոխարեն կստանանք բիովառելիք»,- ասում է Պավել Օգանեզովը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։