Թուրքիայի Չանաքքալե նահանգում օգոստոսի 22-ի երեկոյան խոշոր անտառային հրդեհ է բռնկվել։ Իշխանությունները պատրաստվում են ամենավատ սցենարին, քանի որ հրդեհը չի հաջողվում վերահսկել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տեղեկությունը հայտնել է գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։ Նավերի տեղաշարժի պատճառով ժամանակավորապես փակել են Դարդանելի նեղուցը։
«Քամին շատ ուժեղ է։ Բոլոր ուժերն ուղղել ենք բնակավայրերի պաշտպանությանը։ Հրդեհը տարածվում է դեպի Չանաքքալեի կենտրոն։ Նախապատրաստվում ենք ամենավատ սցենարին։ Վեց գյուղ տարհանվել է, երեքը պատրաստ է տարհանման»,- ասել է նախարարը։
Նա նաեւ հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր ցամաքային տեխնիկա եւ մոտ 1100 մարդուց բաղկացած անձնակազմ: