2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու հերթական ընտրությունների ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով Պաշտպանի աշխատակազմում Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել։
Խումբը ստեղծվել է հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։
«Աշխատանքային խումբը․
մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումները։ Խումբը կապահովի նաեւ գրավոր եւ բանավոր, այդ թվում՝ թեժ գիծ և այլ հեռախոսահամարներով ստացած դիմումների ու բողոքների պատշաճ քննարկում։
կհամագործակցի ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
պատասխանատու կլինի նաեւ իրավախորհրդատվության, քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև արագ արձագանքման այցերի համար»,— նշված է հաղորդագրության մեջ:
Ընտրության օրն Պաշտպանի աշխատակազմը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ «հետեւելով եւ արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաեւ դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ»: