Սա ասում է մեկը, ով իր իշխանավարման հինգ տարվա ընթացքում ամեն ինչ արել է, որ Հայաստանի անկախությունը մոտենա ցածրագույն նիշին։
Սա ասում է մեկը, ով խաղաղության օրակարգ է որդեգրել իր իսկ հրահրած պատերազմում պարտվելուց հետո միայն։
Մինչ այդ Արցախը Հայաստան էր ու վերջ։
Երբ Արցախը Հայաստան էր ու վերջ, Անկախության հռչակագիրը քննարկման ու վերանայման կարիք չուներ, «աստվածաշնչյան ուղերձ» էր, իսկ երբ պետք է ողորմություն խնդրողի կեցվածքով «կադաստրի թուղթ» փնտրել, Անկախության հռչակագիրը վերլուծելը դառնում է «պատմական պարտք»։
Թեեւ նա չգիտի, վստահաբար չի կարող ասել, թե «…ինչպիսին կլինեին եւ ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները»։
Եթե իր իսկ հրահանգով հանրային եթերներում արգելված չլիներ Հայաստանի նորագույն պատմության մասին խոսելը, «Պատմություն» առարկայից ծույլիկ այս պատանին կիմանար, որ 1990-ի օգոստոսին՝ մինչեւ Անկախության հռչակագրի վերջնական տեքստի ընդունումը, խորհրդարանին ներկայացվել են մեկ տասնյակ նախագծեր։
Կիմանար նաեւ, որ քննարկումներից, խմբավորումներից ու խմբագրումներից հետո մնացել է Հռչակագրի երեք տարբերակ, իսկ երկրորդ քննարկումից հետո՝ մեկ նախագիծ եւ երկու հատուկ կարծիք։
Անտեղյակ չէր լինի, օրինակ, որ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն առաջարկել էր. «Չեղյալ հայտարարել 1920-1923 թվականներին կնքված Հայաստանին վերաբերող բոլոր պայմանագրերը եւ որպես նպատակ հռչակել «Ազատ, անկախ եւ միացյալ» Հայաստանի կերտումը»:
Կամ՝ որ պատգամավորներ Աշոտ Նավասարդյանն ու Իգոր Մուրադյանը անկախության վերականգնման ճանապարհ էին համարում 1922 թվականի ԽՍՀՄ կազմավորման պայմանագիրը չեղյալ հայտարարելը։
Ի տարբերություն ներկայիս ՔՊ-ական խոսարանի` այն ժամանակվա խորհրդարանը, գերակշիռ մասով, ինտելեկտուալների հավաքատեղի էր եւ «Սեւրի դաշնագրի 100-ամյակ շնորհավորելու» տիպի արկածախնդրություններ կուլ չէր տալիս։