ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը, «Ֆլայ Արնա»-ին շնորհավորելով ավիացիայի ոլորտում ամենաբարդ աուդիտը հաջողությամբ անցնելու եւ IOSA հավատարմագրին արժանանալու առթիվ, բարձրաձայնել է անհավասար վերաբերմունքի մասին։ Նա նշել է, որ Եվրոպական միությունը չի շտապում ճանաչել հայկական ավիափոխադրողի ձեռքբերումները, միջազգային անվտանգային ստանդարտներով խիստ աշխատելաոճը եւ չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով դեպի ԵՄ երկրներ թռիչքների իրագործումը։
Հիշեցնելով, որ Հայաստանը վերջերս ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր է կնքել` Ռեւազյանը նշել է, որ այդ համաձայնագրի առավելություններից այս պահին օգտվում են միայն ԵՄ օդային փոխադրողները, քանի որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններն այս պահին ԵՄ ավիացիոն «սեւ ցուցակում» են։ Նա Եվրոպական միությանը կոչ է արել հավատարիմ մնալ հավասարության եւ արդարության իր հանձնառությանը։ «Հայաստանը, որպես անկախ պետություն, արժանի է հավասար եւ արդար վերաբերմունքի»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել է Ռեւազյանը։
Ըստ Ռեւազյանի՝ հասկանալով, որ ԵՄ-ն սահմանափակված եւ կաշկանդված է հստակ քաղաքական օրակարգերով, այդուհանդերձ հորդորել է Հայաստանը չօգտագործել անվտանգային մտահոգությունները քաղաքական օրակարգերի իրագործման նպատակով։ Նրա համոզմամբ՝ նման քայլերով վտանգում են համաշխարհային ավիացիայի ոլորտը՝ հակասելով ուղեւորներին անվտանգ ճանապարհորդելու հնարավորություն ընձեռելու գաղափարախոսությանը»,- շեշտել է Տաթեւիկ Ռեւազյանը։
Գրառման վերջում ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավարը բոլորին կոչ է արել միավորվել համընդհանուր ճշմարտության շուրջ․ այն է՝ անվտանգությունը չի ճանաչում սահմաններ։ Ավիացիայի ոլորտի կառավարման համար կիրառվող մեթոդաբանությունը եւ քաղաքականությունը, Ռեւազյանի պնդմամբ, պետք է լինի նույնը բոլոր ազգերի համար։