Գերմանիայի Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավոր, Բունդեսթագի Ձախեր խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սեւիմ Դաղդելենը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսաուղերձում կարեւորել է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելը, այլեւ նրանց ջնջված անունները գտնելը, նրանց թողած մշակութային ժառանգությունը վերականգնելը:
«Յուրաքանչյուր հիշողություն, յուրաքանչյուր մասունք, որը վկայակոչում է այդ մարդկանց, վկայությունն է այդ տարածքներում նրանց ապրելու»,- նշել է նա:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Սեւիմ Դաղդելենը խոստովանել է, թե որքան բարդ էր Բունդեսթագի համար 2016 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելը:
Գերմանացի պատգամավորը հավելել է, որ նույնիսկ հիմա Բունդեսթագում որեւէ կերպ չի բարձրաձայնվում Կարլ Լիբկնեխտի նման համարձակ պատգամավորների մասին:
Լիբկնեխտը Ռայխսթագի միակ պատգամավորն էր, որ 1914-ին դեմ քվեարկեց Առաջին համաշխարհային պատերազմին: Նա նաեւ միակ պատգամավորն էր, որ հիշատակում էր հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործող օսմանյան պարագլուխներին եւ նրանց աջակցող իմպերիալիստական Գերմանական կայսրությանը:
«Մինչ օրս շարունակվում են պատմական հարցերում ճնշում գործադրելու կամ պատմությունը յուրովի շարադրելու փորձերը, օրինակ՝ ծախված քաղաքականության միջոցով, Ադրբեջանի հետ կապերով՝ այսպիսով նոր հանցանքներ գործելով: Մենք դա չպետք է թույլ տանք: Նաեւ հենց այս պատճառով է կարեւոր հիշողության պահպանումը մեր օրերում եւս»,- եզրափակել է Դաղդելենը: