Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը Կառավարության որոշմամբ այսուհետեւ կմեղմվի։ Նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժեւորման հետեւանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները դրամով փոխանակելու դեպքում տնտեսվարողները զգալի վնասներ են կրում եւ դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։ «Վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն են առաջանում նաեւ եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված` Վերին Լարսի սահմանային ացակետի փակ լինելու պատճառով»,– մասնավորապես նշված է որոշման մեջ։
2022-ին խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվել են 1,5 տարի մարման եւ 6 ամիս արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով։ Խաղողի մթերման նպատակով մինչեւ սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչեւ 3 տարի մարման եւ 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ մինչեւ 4 տարի մարման եւ 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։ Լուրջ դժվարություններ է առաջացրել ՀՀ–ից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի մասին ՌԴ–ի ընդունած որոշումը։ Չի բացառվում, որ հետագայում ՌԴ-ն արգելքներ կկիրառի նաեւ հայկական ծագման այլ ապրանքների համար, եւ խնդրի առաջ կկանգնեն արտադրանքի գերակշիռ մասը ՌԴ արտահանող այլ կազմակերպություններ եւս։
Որոշմամբ առաջարկվում է 2022-ին տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության եւ արտահանման նպատակով խաղողի եւ պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների եւ շահառուների փոխադարձ համաձայնությամբ տրամադրել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ (մինչեւ 6 ամսով) լրացուցիչ ժամկետներ եւ մինչեւ 6 ամսով երկարաձգել վարկերի մարման ժամկետները։ Որոշումը շահառուներին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկեր, փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու կաթի եւ պտուղբանջարեղենի գնումների ուղղությունների համար 2022-ին ներգրավված վարկերը, ինչպես նաեւ, ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված, առանձին շահառուների հնարավորություն կընձեռվի մինչեւ 6 ամսով երկարաձգելու արտոնյալ եւ մայր գումարի մարման ժամկետները։