Չի կարող հաջողել որեւէ հանրություն, որեւէ երկիր, անգամ որեւէ անհատ, եթե վիճակին համարժեք չէ։ Իսկ մենք տարիներ շարունակ վիճակին համարժեք չենք եղել։
Չենք հաշվարկել մեր հնարավորությունները, մեր ցանկություններն ու ուժերի հարաբերակցությունը։ Արցախի խնդրի լուծման դեպքում հայաստանյան, ավելին՝ հայկական (սփյուռքով հանդերձ) քաղաքական միտքն այլընտրանք չի հանդուրժել։
Գործիչները, որ հանդես են եկել փոխզիջումներով խնդիրը լուծելու առաջարկով, որ համարձակվել են խոսել հաշտության ու խաղաղության անհրաժեշտությունից, մերժվել են, անվանարկվել ու լուսանցք են մղվել։
Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, նրանց կից քաղաքական ուժերն ու դեմքերը լուսնից չեն իջել։ Նրանք մեր հավաքական մտածողության ու պատկերացումների արտահայտիչներն են։
Արձանագրված պարտությունը ոչինչ չփոխեց։ Այսօր էլ թելադրողը նույն մտածողությունն է։ Շարունակում ենք անտեսել իրականությունն ու առաջնորդվել միայն մեր ցանկություններով։ Պարտությունը վերլուծելու, այն հասկանալու, դրանից հետեւություններ անելու փոխարեն բոլոր անկյուններից իրար նկատմամբ մեղադրանքներ են հնչում։
Ընդդիմադիրներն իշխանություններին են մատնացույց անում, իշխանությունները՝ բոլոր նախկիններին։ Վիճում են, կռվում են, հայհոյում են եւ իրենց անձնական ու կուսակցական հոգսերով տարված՝ չեն նկատում, որ առանց հայկական կողմի մասնակցության ու ազդեցության են ընթանում Հայաստանին ու Արցախին վերաբերող զարգացումները, որ հայկական կողմը զարգացումների հետեւից է վազում։
Ընդդիմադիրների հնարավորությունները սուղ են։ Ազդեցության լծակներ չունեն։ Իշխանություններն էլ, անկարող լինելով, կողքից հնչող առաջարկները չեն լսում, գործում են ոչ թե նախապես մշակված ծրագրերով, այլ օրվա թելադրանքով։
Բայց ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը մեկ ընդհանրություն ունեն․ չեն գիտակցում, որ սա ոչ թե մեկ մարդու՝ Փաշինյանի կամ նախկին որեւէ ղեկավարի, այլ մեր բոլորի պարտությունն է։ Սա Հայաստանի Հանրապետության պարտությունն է։ Մենք պետք է ընդունենք այդ պարտությունը, ճանաչենք այն ու ելնենք պարտության փաստից։ Պետք է հասկանանք՝ այն մե՛ր սխալների հետեւանքն է։
Նոր սխալներ թույլ չտալու, նոր կորուստներից խուսափելու համար մեր բոլոր քայլերն ու հաշվարկները պետք է լինեն հիմնված ոչ թե մեր զգացմունքների ու մեր ցանկությունների, այլ իրականության ու մեր հնարավորությունների վրա։
Իսկ իրականությունն այն է, ինչ ունենք այսօր՝ պարտություն, կորցրած Արցախ, վտանգված Հայաստան, նոր պատերազմի սպառնալիք։
Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն նոր պատերազմի բացառումը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումը եւ Արցախը հայկական պահելը։ Այսօրվա մեր հնարավորություններով ավելի մեծ խնդիրներ լուծել չենք կարողանալու։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջին քննարկումը ցույց տվեց՝ միջազգային բոլոր դերակատարներն էլ համակարծիք են, որ Արցախի ու Ադրբեջանի միջեւ պետք է լինի երկխոսություն։ Առանց այս քննարկման էլ պարզ էր՝ արցախահայության անվտանգության խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն զրույցի միջոցով։ Առանց երկխոսության ընդհանուր հայտարար գտնել հնարավոր չէ։ Հայկական կողմն ամեն ինչ պետք է անի, որ երկխոսությունը, բնականաբար՝ ծանրակշիռ միջնորդների մասնակցությամբ ու միջազգային մեխանիզմների կիրառմամբ, կայանա ու լինի առարկայական։
Զրուցել պետք է, որքան էլ այն լինի դժվար։ Վերջին երեք տարիներին երկխոսությունը պետք է կայացած ու ավարտված լիներ։ Բայց այն տեղի չունեցավ։ Պատճառների մեջ չխորանալով կարելի է պնդել՝ հետպատերազմյան երեք տարիները վատնվել են անիմաստ։ Եթե այժմ էլ զրույցը տեղի չունենա, եթե շարունակեն թելադրող մնալ այն մոտեցումները, որ կան, վաղը շատ ավելի բարդ է լինելու։
Չի կարելի գնալ հին ճանապարհով։ Տարիներ շարունակ առարկայական զրույցից հրաժարվել ենք, լուծման ձգձգումը լուծում ենք համարել ու սխալվել ենք չարաչար։ Սա պետք է հասկանան Արցախում ու Հայաստանում։
Պետք է գիտակցենք-բարձրաձայնենք-ընդունենք տարիների մեր սխալը եւ փոխենք ճանապարհը։ Պետք է հարգանքով վերաբերվենք միջնորդներին ու նրանց առաջարկներին, համադրենք դրանք ու քիչ թե շատ ընդունելի տարբերակի գանք։ Պետք է լինենք շատ ավելի պատրաստակամ ու շատ ավելի ճկուն։ Վերջին 25 տարիների պատմությունը, 2020-ի պատերազմն ու պարտությունը ապացուցում են՝ ժամանակը մեր դեմ է աշխատում։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։