Շիրակի մարզի ութ ջրամբարներում այս տարի ոռոգման սեզոնի մեկնարկին կուտակած ունենք 67,36 միլիոն խորանարդ մետր ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,81 միլիոնով ավելի:
Մարզում 20 800 հեկտար ոռոգելի հողատարածքներն ընթացիկ տարում ջրի խիստ սակավություն չզգացին. եղանակը բարեհաճ էր, տեղումների քանակը՝ բավարար:
Սակայն ջրային պաշարները մեզ մոտ կառավարել եւ ճիշտ օգտագործել այդպես էլ չի հաջողվում: Ամբողջ սեզոնին ջուրը կուտակում-կուտակում ենք, բայց դրա կեսից էլ քիչն ենք ծառայեցնում նպատակին: Մինչեւ ջուրը գնում, հասնում է գյուղացու հողատարածք, ճանապարհին դրա շուրջ 60 տոկոսը կորչում է:
Ահռելի չափերի հասնող կորստի պատճառը ոռոգման համակարգի վատթար վիճակն է: Բետոնյա կամ մետաղյա խողովակները մաշված են կամ ընդհանրապես բացակայում են: Ջուրը կիլոմետրերով հողային հունով գնում է ու կորչում աննպատակ: Մեզ այսպիսի ճոխություն ենք թույլ տալիս, վատնում անհրաժեշտ ջուրը, մինչդեռ գյուղացին մեծ գումարներ է վճարում դրա համար: Ըստ մշակաբույսի տեսակի՝ մեկ հեկտարի ոռոգման արժեքը 10-13 հազար դրամ է:
Շիրակի մարզում հողօգտագործողներն անհամբեր սպասում են Կապսի ջրամբարի կառուցմանը:
Նոր ջրամբարի շնորհիվ 17 հազար հեկտար անջրդի հողատարածքները հնարավոր կլինի ոռոգել, այն էլ առանց էլեկտրաէներգիայի ծախսի:
Կապսի ջրամբարը գործարկելուց հետո արդյո՞ք ջրի գնի նվազում կլինի: Շիրակի մարզի գյուղոլորտը համակարգող Ռոման Համայակյանն ասում է՝ նման հարց դեռ չի էլ քննարկվել, բայց ծախսերի կրճատում հաստատ կլինի, քանի որ ոռոգումը կկազմակերպվի հիմնականում ինքնահոս եղանակով:
Համայակյանը լավ լուր է հայտնում. տարածքային կառավարման նախարարության եւ Շիրակ ջրօգտագործողների միության համատեղ ֆինանսավորմամբ մարզում տեղադրվում են արեւային կայաններ՝ պոմպակայանները գործարկելու նպատակով: 100 կՎտ հզորությամբ մեկ կայան տեղադրվել է Վարդաքարի ջրամբարի տարածքում, մեկն էլ նախատեսվում է Բենիամինում:
Պետական ծրագրով այս տարի խոշոր ֆերմերները ձեռք են բերել արդիական ոռոգման սարքավորում: Գումարի մի մասը պետությունն է տրամադրել, մնացածը՝ գյուղատնտեսը: Սակայն պետք է նշենք, որ արդիականացված այս համակարգն իր մի քանի հեկտար հողը մշակող գյուղացու համար անհասանելի է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։