Որ կուսակցական ընտրակարգով ընթացող ցանկացած միջոցառում ինքնին քաղաքական է, կարծում եմ` ոչ ոք չի հերքի։
«Այսքան քաղաքական» ասելով՝ քաղաքապետի թեկնածուն հավանաբար նկատի ունի, ասենք, տրոլեյբուսի գծերը Երասխավանով Լաչինի միջանցք հասցնելը, որ «Սպայկայի» բեռնատարների փոխարեն Կոռնիձորում կանգնեն եւ ընդարմանան քաղաքային տրանսպորտի եղջերավոր ներկայացուցիչները։
Իսկ որ ընտրություններն «այսքան համահայկական» են, սա արդեն նորություն է։
Համահայկական, նաեւ քաղաքական, կարծեմ, լինում են օլիմպիական խաղերը։ Չեք հավատո՞ւմ, կարդացե՛ք ՀՕԽ փակման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի արտահայտած հետեւյալ միտքը. «Մեր երկրի համար այս դժվարին օրերին համահայկական խաղերը վկայությունն են մեր ժողովրդի հավաքական կամքի, նմանօրինակ միջոցառումներով ենք մենք ամրանում որպես պետություն»։
Դե, հիմա համեմատեք սփյուռքահայ մարզիկների եւ քաղաքապետացու տիկնոջ մրցակցային եռանդը։ Եռանդ, որը հաճախ հանգում է «կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը» օլիմպիական մխիթարիչ բանաձեւին։